Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի: Հայցադիմումի պատճառը, Գագիկ Մակարյանի պնդմամբ, անհասկանալի պատճառներով իրականացրել է մամլիչի օտարում (վաճառք)՝ ջարդոնի տեսքով և օտարման արդյունքում համալսարանի հաշվապահություն 2017թ.-ին մուտքագրվել է 119 400 դրամ: 

Մենք տևական ժամանակ է՝ փորձում ենք կապ հաստատել «ՃՇՀԱՀ» ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ, սակայն վերջինս անընդհատ զբաղված է իր հյուրերով և չի կարողանում մեկնաբանել մեր հարցերը: Իսկ «ՃՇՀԱՀ»-ի հասարակայնության և լրատվության բաժնի պետ Անահիտ Կարագուլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Գործատուների միության նախագահն առանց հարցը խորությամբ ուսումնասիրելու՝ տեղեկություններ է տարածում: 

 

«Ես ինքս չեմ էլ հասկանում, թե իր շահագրգռվածությունը որն է, Դուք Գագիկ Գալստյանին ընդհանրապես ճանաչո՞ւմ եք, ծանո՞թ եք իր կենսագրությանը, էդ մարդն իրա սաղ կյանքը շինարար ա եղել»,- նշեց «ՃՇՀԱՀ»  մամուլի պատասխանատու Անահիտ Կարագուլյանը:

Մեր այն դիտարկմանը, թե Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի պնդմամբ,տևական ժամանակ առկա է դուրս գրված մամլիչների և հաստոցների գնորդ՝  ի դեմս Նարեկ Խաչիկյանի, սակայն  «ՃՇՀԱՀ» ռեկտորը մամլիչները վաճառել է բոլորովին այլ մարդու և անհայտ հանգամանքներում,  մամուլի պատասխանատուն պատասխանեց. «Դուք պիտի ուղղակի տեսնեիք, էլի, թե էդ հաստոցներն իրենցից ինչ էին ներկայացնում: Ինքը ծանր, մեծ հաստոց էր էլի, որը պետք է հանեին էդտեղից, ինքը դրված օրվանից չի էլ աշխատել»: 

Կրկին մեր այն դիտարկմանը, թե գաղտնիք չէ այդ մամլիչների չօգտագործման փաստը և որ առանցքայինն այն է, թե ինչպես է նախ մամլիչը մետաղե ջարդոնի տեղ օտարվել և ինչո՞ւ հաշվի չի առնվել փաստացի գնորդի առկայությունը, մեր զրուցակիցը  դժվարացավ որևէ պատասխան տալ: 

 

Արմինե Միքայելյան