Վրաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները․ բոլոր ընտրատեղամասերը երկրում բացվել են ժամանակին՝ ժամը 8-ին, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անա Միքելաձեն կիրակի՝ ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է «Sputnik Gruzia»- ն։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում բացվել են 3 703 ընտրատեղամաս, որոնցից 55-ը՝ արտասահամանում (39 երկրներում) եւ 11 տեղամաս էլ բացառիկ դեպքերի համար, այդ թվում՝ 10-ը բանտերում, 1-ը՝ հոգեբուժարանում։
«Վրաստանի ԿԸՀ տեղեկատվական կենտրոնը շուրջօրյա ռեժիմում է աշխատում, քաղաքացիները կարող են ընտրությունների մասին տեղեկություն իմանալ 2 51 00 51 հեռախոսահամարով, ինչպես նաեւ www.cesko.ge կայքում առցանց չաթի միջոցով»,-ասել է ԿԸՀ մամուլի խոսնակը։
Վրաստանում անցկացվող նախագահական ընտրություններին արդեն հասցրել է մասնակցել ներկայիս նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, ով նշել է, թե քվեարկել է այն թեկնածուի օգտին, որը կլինի բոլորի նախագահը։ Այս մասին Մարգվելաշվիլին հայտնել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Քվեարկել եմ նախագահի այն թեկնածուի համար, որը չի վախենա լինել բոլորի նախագահը, Վրաստանի բոլոր քաղաքացիների նախագահը, զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Հրամանատար, որը հպարտ կլինի գլխավորել այս հերոսական ժողովրդին ու մեր զինված ուժերը»,-ասել է Մարգվելաշվիլին: