ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը այսօր Աժ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ կենտրոնացավ այն վեճի շուրջ, թե ռեյտինգային և համամասնական համակարգերից որ տարբերակն է լավը։ 

«Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընտրական օրենսգրքի փոփոխություններին և դրա հիմքում մենք դրել ենք իրավական հետևյալ մոդելը։ Առաջին՝ որն է այս երկու համակարգերի էական տարբերությունը և ինչով է սա սկզբունքային՝ հիմա ընդունելու համար։ Միջազգային փորձը ուսումնասիրելիս, մենք գալիս ենք այն հետևության, որ ցանկացած երկիր իր քաղաքական զարգացման որոշակի փուլում անպայման մեծամասնական համակարգից անցում է կատարում համամասնական համակարգի կամ հակառակը»,- ասաց Կոստանյանը։

 

Նրա խոսքով՝ լավ կամ վատ ընտրական համակարգեր չկան և չեն լինում, յուրաքանչյուր ընտրական համակարգի կիրառություն կոնկրետ երկրում և կոնկրետ ժամանակահատվածում քաղաքական անհրաժեշտությամբ կամ նպատակահարմարությամբ է պայմանավորված։ 

«Ռեյտինգային համակարգը մեծամասնականի և համամասնականի համադրությունն է։ Դրա էությունը այն է, որ ընտրողը, երբ ընտրում է իր ներկայացուցչին, անձնական մոտեցում է ցուցաբերում: Դա մեր հանրության մեջ բավականին ընդունված ու պահանջված է եղել, որպեսզի հեռավոր գյուղում ընտրողը ճանաչի իր ներկայացուցչին և ընտրի նրան, ով  իրեն կներկայացնի օրենսդիր մարմնում: Հանրությունն ուներ ներկայացուցչականության ավելի լայն ընդգծված դրսևորման հնարավորություն»,-ասաց Կոստանյանը:

Նրա կարծիքով՝ համամասնական ընտրակարգն առաջին հայացքից չունի այդ ներկայացուցչականությունը: Սակայն դրա առավելությունն այն է, որ այն երկրում խթանում է  քաղաքական կուսակցական համակարգի կայացումը: Քաղաքացին ընտրում է կուսակցությանը՝ դրանով իսկ հավանություն է տալիս կուսակցության գաղափարներին:

«Այդ ընտրակարգի կարևորությունը նրանում է, որ դրանով  խթանում ենք կուսակցական համակարգի ստեղծումը, որ կուսակցությունը չլինի անհատականացված, այլ  գաղափարական, սկզբունքային հենքի վրա կազմված լինի: Որևէ մեկը չի ասում, որ ռեյտինգային համակարգը շատ վատն էր: Այն պարզապես կատարել է իր աշխատանքը: Եթե քաղաքական նպատակահարմարությամբ ընտրվել է համամասնականը, ապա, կարծում եմ,  դա շատ կարևոր որոշում է»,-եզրափակեց Կոստանյանը: