Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, կրկին նորածին է մահացել ու դեպքը կրկին տեղի է ունցել «Աստղիկ» Բժշկական կենտրոնում:
ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնիցԼՈւՐԵՐ.com-ին հայտնեցին, որ երեկ 11:15-ին դեպքի առթիվ ահազանգ են ստացել և անմիջապես նշանակվել է իրականացնել դատաբշկական փորձաքննություն, ինչպես նաև աշխատանքներ են տարվում դեպքի մանրամասները ճշտելու համար:
Ոստիկանություն, մասնավորապես, դիմել է ծննդկանի սկեսուրը՝ դժգոհելով բուժհաստատության աշխատակիցներից, նրա պնդմամբ՝ բժիշկները պատշաճ չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները:
«Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժնի վարիչ Արման Նազիրյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ ծննդկանի հիվանդանոց մտնելուն պես՝ բժիշկները շատ շտապ առաջին օգնություն են ցույց տվել և տեղափոխել ծնարան՝ պտղի կեսարյան հատման ցուցումով:
Նազիրյանի պնդմամբ, ծննդկանը եղել է շատ առողջ և երեխայի առողջությանը վնասող ոչ մի նախանշան չեն հայտնաբերել. «Մահվան պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, այդ ամենը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից հետո միայն»:
Բժիշկը նաև հավելեց, որ ծննդկանը տևական ժամանակ բուժհաստատությունից դուրս է եղել, և միայն հետո է դիմել իրենց օգնությանը, որն էլ անմիջապես «կազմակերպվել է»: