«Փաստ» թերթը գրում է.
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ նա այս պաշտոնին է նշանակվել այս տարվա սեպտեմբերին:
Ըստ ներկայացված փաստաթղթի՝ Ա. Բայբուրդյանը հայտարարագրել է այգետնակ, բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 7800 ԱՄՆ դոլար:
Եկամուտը գոյացել է երկու տարբեր աշխատավարձերից: Առաջինի դեպքում 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը ստացած եկամուտը կազմել է 10 590 ԱՄՆ դոլար: Երկրորդ աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 64 167 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Ա.Բայբուրդյանը ԱԳՆ համակարգում է 1992 թվականից: 1995– 97 թթ. նա Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն է եղել: Ավելի վաղ աշխատել է որպես ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ, 1997–2000 թթ. եղել է ԱԳՆ փոխնախարար: 2000– 2004 թթ. նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ Համատեղության կարգով նշանակվել է նաեւ Ինդոնեզիայում, Շրի Լանկայում եւ Նեպալում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։
2004–2008 թթ. կրկին զբաղեցրել է Հայաստանի ԱԳ փոխնախարարի պաշտոնը: 2008 թ. փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ «դեսպանների ուղերձը» ստորագրելու համար։ Այդ ուղերձով, մասնավորապես, կարեւորվել էր երկրում կայունության պահպանման եւ հասարակական համաձայնության անհրաժեշտությունը ու նշվել. «Մեր հայրենակիցներին, հատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին, կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: