Ռուսական «Կոմերսանտ»-ը «ՀԱՊԿ-ի համար նոր գլխավոր քարտուղար են գտել» վերնագրով հոդված է հրապարակել, որում ասվում է, թե կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասը։ 54-ամյա գեներալ-մայոր Ստանիսլավ Զասը 2015-ի նոյեմբերի 4-ից գլխավորում է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարությունը: 1985 թվականին Ստանիսլավ Զասն ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը¸ 1996-ին՝ Բելառուսի Ռազմական ակադեմիան: 2008 թվականի օգոստոս ամսին նշանակվել է այդ երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Ռուսական թերթը գրում է, թե ավելի վաղ քննարկվում էր Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովի թեկնածությունը. նա պետք է ղեկավարեր կազմակերպությունն առաջիկա մեկուկես տարում։ Մինչ այդ ռուսական աղբյուրները հայտնում էին, թե Հայաստանը իբրև Խաչատուրովի փոխարինող առաջարկել էր ՀՀ նախկին Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը, իբրև թե ռուսական կողմի համար առավել ընդունելի տարբերակ: Սակայն ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը այս հարցով ինքնին խոսուն է՝ Հայաստանի համար, ըստ էության, առաջնային նշանակություն է ձեռք բերում կառույցի անխափան աշխատանքը: Սա նշանակում է, որ եթե անգամ հայկական կողմը փորձել է առաջ քաշել Հարությունյանի թեկնածությունը, այդ փորձը անհաջողությամբ է ավարտվել:
Հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում որոշումները ընդունվում են կոնսենսուսով՝ Հայաստանը կարող է նաև չհամաձայնել Զասի թեկնածությանը: Այս պարագայում, պետք է հասկանալ, թե որ տարբերակի դեպքում Հայաստան-ՌԴ հարաբերությունները առավել քիչ կտուժեն: Եթե Հայաստանը ի վերջո առաջադրի իր թեկնածուին կամ տապալի այլ թեկնածուի ընտրությունը՝ դա էլ ավելի կխորացնի հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը: Եթե Հայաստանը հետ կանգնի՝ հասկանալի է, որ դա կդիտարկվի որպես կապիտուլյացիա՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դաշտում:
Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը քննարկելիս, հնարավոր չէ անտեսել Մարտի 1-ի գործոնը: Ի վերջո՝ Խաչատուրովի հետկանչը պայմանավորված էր այդ գործի շրջանակում նրա դեմ ներկայացված մեղադրանքներով: Այս պահին քիչ հավանական է, որ Մոսկվայում գտնվող Խաչատուրովը վերադառնա Հայաստան: Սա նշանակում է, որ նա կմիանա Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ գտնվող մյուս երկու գլխավոր դերակատարներին, որոնք այս պահին գտնվում են ՌԴ-ում և կարծես թե նրանց՝ Հայաստան արտահանձնման հարցը ռուսական կողմը շատ կտրուկ է դնում: Ստացվում է՝ Փաշինյանը մի կողմից լրջագույն հարված է հասցնում միջազգային կազմակերպությունում Հայաստանի վարկին, մյուս կողմից՝ այդպես էլ չի հասնում այն բուն նպատակին, որի համար էլ ամբողջ «ճաշը» եփվել է…
Ս.խաչատրյան