Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին։ Ինտրիգն այստեղ այն է, որ ազատված պաշտոնին ձգտում է Հայաստանը, որի շնորհիվ էլ հենց այդ թափուր տեղը առաջացել է:
«Ъ»-ի դիվանագիտական աղբյուրները կազմակերպության երեք երկրներում նշում են, որ ամենայն հավանականությամբ նոր գլխավոր քարտուղարը հաջորդող երեք տարիներին կլինի Բելառուսի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ՀՀ-ն հետ է կանչել Յուրի Խաչատուրովին։ Յուրի Խաչատուրովին Հայաստանում մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի Մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու համար։