Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Մարտունու տարածաշրջանի Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծովասար եւ Վարդենիսի տարածքի Ախպրաձոր համայնքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Երանոսում Գնել Սանոսյանն այցելել է համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոց եւ մանկապարտեզ:

Դպրոցում մարզպետը ծանոթացել է շենքային պայմաններին, դիտարկել հանդիսությունների դահլիճի անմխիթար վիճակը: Երանոսի մանկապարտեզում բարձրացվել է լոկալ ջեռուցման համակարգի անցկացման խնդիրը, որի իրականացման համար համայնքապետարանն ակնկալում է պետության աջակցությունը: Մարզպետն այցելեց նաեւ Երանոսի բուժամբուլատորիա, ծանոթացավ աշխատանքային պայմաններին եւ մատուցվող ծառայությունների որակին, զրուցեց բուժանձնակազմի հետ: Վարդաձորում համայնքի ղեկավար Ռոբերտ Սիրականյանը ներկայացրել է պետական բյուջեի եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի աջակցությամբ իրականացված ծրագրերի ընթացքը, խոսել Շողվագ գետի՝ Վարդաձոր-Ձորագյուղ հատվածի 1,5 կիլոմետր երկարությամբ հունի մաքրման անհրաժեշտության մասին, որը վարարումների ժամանակ լուրջ խնդիր է առաջացնում տնտեսությունների համար:

Մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի ՀՀ պետական բյուջեից մեծ հատկացումներ են արվելու համայնքներին, որն, ըստ նրա, հնարավորություն կտա լուծել նաեւ այդ խնդիրը: Ձորագյուղ եւ Ծովասար համայնքներում Գնել Սանոսյանը ծանոթացել է պետական եւ տեղական միջոցների հաշվին իրականացված աշխատանքներին, առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիրներին: Մարզպետն այցելել է նաեւ Ծովասար գյուղի երկրագիտական թանգարան, ծանոթացել պատմագիտական նշանակության հարուստ ու արժեքավոր հավաքածուներին:

Ախպրաձոր համայնքում մարզպետը բնակիչների հետ քննարկել է Ծովակ-Ախպրաձոր միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման ծրագրի շուրջ ծագած անհամաձայնության խնդիրը, որն առաջ են քաշում ախպրաձորցիները: Վերը նշված բոլոր համայնքներում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն անմիջական զրույց է ունեցել բնակիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկությունները՝ կապված ճանապարհաշինության, փողոցային լուսավորության անցկացման, մատչելի գներով պարարտանյութ, դիզելային վառելանյութ ձեռք բերելու, համայնքային նշանակության այլ թեմաների հետ: Մարզպետը հավաստիացրել է, որ մարզպետարանն իր լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում պատրաստակամ է՝ աջակցելու բարձրացված բոլոր հիմնախնդիրների կարգավորմանը:

Խոսրով Խլղաթյան