Մի շարք ԶԼՄ–ների ղեկավարներ բաց նամակով դիմել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ խնդրելով փոխել գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը։

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

 

«Մեր գործընկեր, «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանն ավելի քան մեկ ամիս է, ինչ անհիմն գտնվում է կալանքի տակ՝ 10,5 տարվա վաղեմության պատմությամբ՝ մեկ անձի ցուցմունքով՝ կաշառքին օժանդակելու մեղադրանքով: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ համապետական սփռում ունեցող խոշորագույն հեռուստաալիքի տնօրեն է կալանավորվում, այն էլ հետհեղափոխական Հայաստանում մամուլի աննախադեպ ազատության մասին Ձեր կողմից արված հայտարարությունների ֆոնին, այն էլ Հայաստանում առաջին անգամ անցկացվող ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին:

Մենք Սամվել Մայրապետյանին ճանաչում ենք երկար տարիներ և բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ նա պարտաճանաչ, օրինապահ, բծախնդիր և սկզբունքային անձնավորություն է: Հետևաբար` վստահ ենք, որ խափանման միջոցի փոփոխության պարագայում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի թաքնվի և որևէ կերպ չի խոչընդոտի նախաքննությանը:

Հարգանքով՝

Արա Թադեւոսյան, Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն

Գեղամ Մանուկյան, Երկիր Մեդիա հեռուստաընկերության լրատվական, քաղաքական ծրագրերի տնօրեն

 

Մերուժան Սարգսյան, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղի տնօրեն

Արթուր Եզեկյան, «Շանթ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն

Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Սաթիկ Սեյրանյան, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

Ավետ Դեմուրյան, Assosiated Press գործակալության հայաստանյան թղթակից

Աշոտ Գազազյան, Deutsche Welle մեդիաընկերության հայաստանյան թղթակից»։