Ռուսական «Национальная оборона» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, ով հայտնի դարձավ վերջին շրջանում Հայաստանի ու հայկական ղեկավարության մասին արած սկանդալային հայտարարություններով, ադրբեջանական OXU․az լրատվական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն ժամանակ, երբ արդեն նշանակված կլինի ՀԱՊԿ նոր Գլխավոր քարտուղարը, կառույցը կարող է հանդես գալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ խաղաղարարական նախաձեռնություններով։ «Պետք է հիշել, որ ՀԱՊԿ-ը հետսովետական տարածքում անվտանգության ցանկացած հարց լուծելու ի զորու կառույց է եւ երբ վերջանա նոր Գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ՀԱՊԿ-ը կարող է հանդես գալ խաղաղարարական նախաձեռնությամբ նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով»,- ասել է փորձագետը եւ մանրամասնել, որ ՀԱՊԿ-ի ներգրավումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին կլինի իր իսկ բառերով ասած՝ «իդեալական տարբերակ բոլոր կողմերի համար»։ «Փուլային տարբերակը հարցի լուծման, այդպիսով կլինի լիովին հնարավոր։
«Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը չափազանց կարեւոր է անվտանգության եւ փոխվստահության համար, առանց որի հակամարտությունը կարգավորելն անհնարին է։ Հայաստանն էլ կստանա անվտանգության երաշխիքներ, եւ իր աշխարհաքաղաքական վիճակի չվատացում, ինչպես նաեւ տնտեսական արտոնություններ»,- ասել է Կորոտչենկոն։
Անդրադառնալով, այսպես կոչված, «գրավյալ տարածքների» հարցին` ռուս փորձագետը ասել է, որ դրանք «հալից ընկած» տարածքներ են, որոնք զբաղեցնում են հայկական զինված միավորումները, եւ Հայաստանը դրանք վերադարձնելով՝ կստանա բլոկադայի վերացում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, հատկապես, որ այդ տարածքները Երեւանը մտադիր է բանակցություններում օգտագործել եւ մեծ պլաններ դրանց հետ չի կազմում։