«Կանադահայ Արտո Թավուկչյանին մեր վստահորդի կողմից վաճառվել է Մինաս Ավետիսյանի «Ամառը Ջաջուռում» վերնագրված կտավը, իսկ հայտարարությունները, թե այն նկարչի վրձնի գործը չէ, ըստ մեր ունեցած փաստերի, չեն համապատասխանում իրականությանը»։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեցին կտավը վաճառողի փաստաբանները։

Փաստաբան Արա Ղազարյանը նշեց, որ հրապարակային պիտակներ, բնորոշումներ են տրվել իրենց վստահորդին, ինչը չի համապատասխանում զսպվածության և չեզոքության էթեկայի նորմերի պահանջներին և իրենք պատրաստվում են դատական գործ սկսել ինչպես կտավի գնորդ Արտո Թավուկչիյանի, այնպես էլ Մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Սարգսյանի դեմ։Նկատենք, որ մամուլի ասուլիսին ներկա չէր կտավը վաճառողը (անունը փաստաբանների խնդրանքով չենք հրապարակում)։ ԼՈւՐԵՐ․com-ի դիտարկմանը՝ ինչո՞ւ մամուլի ասուլիսին ներկա չէ իրենց վստահորդը, փաստաբան Կարեն Տոնոյանը նշեց․ «Անձին մեղադրում են հակաիրավական վարքագիծ դրսևորելու մեջ, որը որևէ քաղաքացու հաճելի չէ, և գալ, ներկայանալ, ցույց տալ դեմքը, թե ում մասին է խոսքը, կարծում եմ՝ ոչ ոք չի ցանկանա, որպեսզի իրեն ընկերները, բարեկամները ճանաչեն՝ մեղադրանքների շուրջ կեղծիք կատարելու մասով»,- նշեց նա։

Արտո Թավուկչիյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր կտավը վաճառողի լուսանկարն ու անունը՝ ընդգծելով, որ վերջինս ազգանվան փոփոխություն է կատարել։ Հետաքրքրվեցինք՝ եղե՞լ է նման բան, թե ոչ, փաստաբան Աշխեն Դաշյանը նշեց, որ ազգանվան փոփոխություն իրավական առումով չի կատարվել։ Կարեն Տոնոյանն էլ նկատեց՝ անձնական կյանքում դրսևորած վարքագիծը մեկնաբանման կարիք չունի։

Նշենք, որ Արտո Թավուկչիյանը դատական գործ է սկսել ինչպես ինքն է ասում՝ «Ամառը Ջաջուռում» վերնագրված կտավը իրեն իբրև Մինաս Ավետիսյանի վրձնի գործ վաճառողի դեմ։


 Սոնա Հարությունյան