Ռուսաստանի և Հայաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման երկարաձգման և արդիականացման նախագծի իրականացման արդյունքում կաճի էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
«Մենք հնարավորություն ենք ստեղծում ատոմակայանի նախագծային ժամկետը երկարաձգել, միևնույն ժամանակ, նաև տեղի են ունենում էներգաբլոկի արդիականացման և շահագործման սարքավորումների վերազինման աշխատաքներ: Ընդհանուր ծրագրի արդյունքում մենք ունենալու ենք 10 տոկոս հզորության ավելացում, ընդ որում՝ նույն վառելիքի ծախսի պարագայում: Այսինքն' մենք կունենանք ավելի մեծ արտադրության ծավալ և ավելի ցածր սակագին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաղրամյանը:
Հարցին, թե հնարավոր է արդյոք այդ աշխատաքների արդյունքում լինի ավելի ցածր էլեկտրաէներգիայի սակագին, Բաղրամյանը պատասխանեց. «Միանշանակ, հնարավորություն կլինի. եթե ատոմակայանը սովորաբար ընդհանուր 2.4 միլիարդ կիլովատ.ժամ էլեկտրաէներգիա է տվել, վերազինման արդյունքում 2.9 միլիարդի կհասնենք: Այսինքն՝ մոտ 500 միլիոն կիլովատ.ժամ ավելի էլեկտրաէներգիա կառաքի ատոմակայանը: Դա կազդի էլեկտրաէներգիայի մեծածախ սակագնի վրա, բնականաբար, կազդի և նվազելու է ընդհանուր մեծածախ սակագինը»,- եզրափակեց Բաղրամյանը:
Ռուսաստանի և Հայաստանի միջև միջկառավարական համաձայնագրի նպատակն է մինչև 2026թ․ կայանի գործողության ժամկետի երկարացումն ու ռեսուրսի վերականգնումը։ Համաձայնագրով նախատեսվում է 270 մլն դոլարի չափով հայկական կողմին վարկի տրամադրում և 30 մլն դոլարի չափով դրամաշնորհի հատկացում, որոնք ուղղվելու են կայանի շահագործմանն ուղղված անվտանգության և արդյունավետության բարձրացման աշխատանքներին: