Այսօր ՀՀ դատախազությունը և ՀՀ քննչական կոմիտեն երկու հայտարարություն տարածեցին: Առաջինը, որ ԱԺ նախագահ Բաբլոյանին պատգամավոր Արամ Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել՝ սպասված էր: Ամիսներ առաջ ելույթ ունենալով խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը արել էր այս աղմկահարույց քրեական գործի անոնսը՝ խոստանալով մոտ ապագայում հրապարակել երրորդ հանրապետության ամենախոշոր կոռուպցիոն գործի մեջ ներգրավված պատգամավորի անունը: Հիմնավորվել է, որ Հարությունյանը 2008թ. զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ՝ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերեւակումների ուսումնասիրության եւ շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Սիլվա Համբարձումյանից պահանջել եւ միջնորդավորված եղանակով ստացել է 14մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:
 
Ուշագրավն այստեղ թերևս այն է, որ Սիլվա Համբարձումյանը գործում ներգրավված է որպես տուժող կողմ, չնայած այն հանգամանքին, որ կաշառք տալը ևս քրեորեն պատժելի արարք է: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ, այնուամենայնիվ, գործարարի և նոր իշխանությունների միջև առկա է որոշակի պայմանավորվածություն, որով Համբարձումյանը տրամադրելով պատկան մարմիններին իր ունեցած տեղեկությունները՝ միևնույն ժամանակ՝ կխուսափի պատժից, և գուցե նույնիսկ ֆինանսական փոխհատուցում ստանա: Այսինքն՝ Նոր Հայաստանում կաշառակերների ձեռքերը ընրողաբար են կտրում: Ի դեպ, Հարությունյանին մեղադրանք կարող էր ներկայացվել նաև ընտրություններից հետո, հատկապես, որ այդ ժամանակ միջնորդությունների կարիք չէր լինի, և գործընթացը արհեստականորեն չէր երկարացվի: Սակայն հասկանալի է, որ այս որոշումը նախընտրական շտապողականության արդյունք է՝ Փաշինյանին և նրա թիմին օդի և ջրի պես անհրաժեշտ է էյֆորիայի պահպանումը: Նաև արվում է այն հաշվարկը, որ հանրապետականները կարող են բոյկոտել Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու համար վաղը հրավիրվելիք նիստը, ինչն էլ մեկ անգամ ևս կպիտակավորվի որպես «հակահեղափոխական» քայլ և կօգտագործվի ՀՀԿ դեմ նախընտրական այս շրջանում:
 
Ինչ վերաբերվում է Բարսեղ Բեգլարյանին, ապա վերջինիս, ըստ էության, չօգնեց անգամ օրեր առաջ արած խոստովանությունը: Հիշեցնենք, Ֆլեշի Բարսեղը հայտարարել էր, որ դեմ է եղել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետին: Իհարկե, այս հայտարարությունը ամբողջովին տեղավորվում է նոր իրավիճակին հարմարվելու՝ Բեգլարյանի ցանկության վրա: Բեգլարյանին մեղադրանք ներկայացնելը երկու հիմնական նպատակ է հետապնդում: Նախ փորձ է արվում ցույց տալ, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավորները անձեռնմխելի չեն, իսկ այն, որ հանրության մի ստվար հատվածի մոտ արդեն իսկ ստեղծվել է նման տպավորություն՝ փաստ է: Մյուս կողմից, փորձ է արվում հնարավորինս չեզոքացնել Բեգլարյանի կողմից իր ռեսուրսներով ՀՀԿ-ին օժանդակելու ցանկացած հավանականություն: Նման սցենարը իհարկե չի կարելի բացառել, որովհետև ի տարբերություն, օրինակ, Մհեր Սեդրակյանի, ով նեղսրտած է ՀՀԿ-ից, Ֆլեշի Բարսեղն այս յոթ ամիսների ընթացքում հստակ դիրքորոշում չի արտահայտել՝ փորձելով առավել կառուցողական դիրքերից հանդես գալ:
 
Ստելլա Խաչատրյան