Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կենտրոնական և արևմտյան դեպարտամենտի սոցիալական ոլորտի վարչության տնօրեն Ռի Հիրաոկային և սոցիալական ոլորտի բաժնի առողջապահության ավագ մասնագետ Ռուզել Լավադոյին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորությունը, որը, բացի տեխնիկական օժանդակությունից, կաջակցի նաև առողջապահության ոլորտի քաղաքականության և ռազմավարական նշանակության փաստաթղթերի մշակման հարցերում:
Արսեն Թորոսյանը կարևորել է այս ուղղություններով համագործակցությունը, հույս հայտնելով, որ ծրագրերը կլինեն երկարատև և գործուն:
Կողմերը խոսել են էլեկտրոնային առողջապահության, մասնագիտական կրթության, բժշկական ապահովագրության ներդրման և պետություն-մասնավոր հատվածում համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի շուրջ:
ԱԶԲ ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են տրամադրել խորհրդատվություն, ինչպես նաև ներդնել վարկային կամ դրամաշնորհային միջոցներ` Հայաստանում միջազգային չափանիշներին և կառավարման սկզբունքներին համապատասխանող բուժհաստատություններ ունենալու նպատակով:
Երկուստեք շեշտել են, որ համատեղ աշխատանքը և համագործակցությունը շարունակական են լինելու: