Ինչպես հայտնի է՝ Վարդենիսի ՀՀԿ-ական արդեն նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը մեկ տարի կառավարելուց հետո հրաժարական է տվել։ Վերջինիս հրաժարականից հետո «Վարդենիս» հայրենակցական միության նախագահ Գարսիկ Սաղաթելյանըհայտարարեց՝ երբ Վարդենիսում նշանակվի քաղաքապետի նոր ընտրություններ, ինքը ևս կառաջադրվի։
«Նոր Հայաստանում ենք ապրում, բոլորիս հոգեբանությունը փոխվել է դեպի ընտրություններ, հասարակական- քաղաքական կյանք և գտնում եմ՝ առաջնային է, որ Վարդենիսի ժողովուրդը ինքը որոշի՝ ում լիազորել և տալ վստահության քվե։ Ըստ այդմ էլ, կընտրվի քաղաքապետ։ Այսինքն, առանձնահատուկ խնդիր չունեմ՝ գնալ, խնդրել, որպեսզի ես դառնամ քաղաքապետ»,- այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Վարդենիս» հայրենակցական միության նախագահ Գարսիկ Սաղաթելյանը։
Այսինքն, եթե ժողովուրդը լիազորի, Դուք կցանկանա՞ք դառնալ քաղաքապետ, պատկերացնո՞ւմ եք Ձեզ այդ պաշտոնին՝ հարցին ի պատասխան Սաղաթելյանն ասաց․ «Այո՛, ցանկություն ունեմ և պատկերացնում եմ ինձ այդ պաշտոնում։ 17 տարեկանից աշխատել եմ, նախկինում հասարակական կազմակերպություն եմ ղեկավարել, բազմաթիվ ծրագրեր եմ իրականացրել, աշխատել եմ դպրոցների հետ, առնչվել եմ տարբեր սոցիալական խնդիրներ ունեցող շերտերի հետ, ինչ-որ չափով կարողացել եմ օգնել։ Աշխատել եմ մարզի մակարդակով և մասնակցել եմ պիլոտային ծրագրերի, աշխատել եմ նաև Ազգային անվտանգության խորհրդում, ԱԺ աշխատակազմում։ Բավականին աշխատանքային փորձ ունեմ և ուզում եմ այն ներդնել մեր քաղաքի զարգացման ու մեր ժողովրդին ծառայելու գործին»,- նշեց նա։
Նկատենք, որ քաղաքապետի աթոռին նստելու համար շրջանառվում է նաև Արամ Հարությունյանից առաջ քաղաքապետ եղած Վոլոդյա Խլոյանի ու Մովսես Հակոբյանի անունները։ Ի դեպ, առաջինի նկատմամբ քրեական գործ կա հարուցված՝ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Իսկ մյուսը Վարդենիսում հայտնի է որպես «Չոշեի Մոսո» մականունով և ըստ մամուլում տարածված լուրերի՝ առնչություն ունի թաղային հեղինակությունների հետ։
Սաղաթելյանից հետաքրքրվեցինք՝ ունի՞ տեղեկություններ վերջիններիս մասնակցության վերաբերյալ․ «Այդ մասին ես ևս լսել եմ նախորդ օրը։ Հարգանք ունեմ բոլորի նկատմամբ և բարի ճանապարհ եմ մաղթում։ Սակայն վերջնահաշվարկում ժողովուրդն է որոշելու՝ ով կլինի քաղաքապետ։ Վարդենիսը փոքր քաղաք է և մեկը մյուսին շատ լավ ճանաչում է։ Իսկ Նոր Հայաստանում ժողովուրդը պետք է լինի ամեն ինչի տերն ու կրողը»,-ասաց նա։
Նախկին ՕԵԿ-ականն, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Արթուր Բաղդասարյանի՝ քաղաքականությունից հեռանալուն, Սաղաթելյանը նշեց՝ ոչ տեղյակ է, ոչ էլ հետաքրքրվել է դրանով․ «Ես հիմնադրել եմ «Վարդենիս» հայրենակցական միությունը, ավելի շատ զբաղված եմ այդ աշխատանքներով և ցանկություն էլ չունեմ ուրիշ քաղաքական գործչի արած քայլերը մեկնաբանելու։ Ես ՕԵԿ-ից դուրս եմ եկել անձնական և քաղաքական խնդիրների պատճառով, բայց ոչ թե վազել եմ այլ կուսակցություն, այլ զբաղվել եմ հասարակական, քաղաքական գործունեությամբ՝ որպես անհատ մարդ»,- նշեց Սաղաթելյանը։