ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է մեկ տարի առաջ ստեղծված նախարարության առաքելության, դերակատարության, նախարարի հասարակական ու քաղաքական գործունեության մասին:
-Պարո՛ն Սարգսյան, ներքին գործերի նախարարության ստեղծումը արդյո՞ք պայմանավորված էր հետպատերազմյան իրողություններով, և մեկ տարի հետո կարո՞ղ ենք ասել, որ այն ծառայում է իր առջև դրված նպատակներին:
-Պատերազմից հետո, երբ Արցախը հայտնվեց անորոշ իրականության մեջ, ունեինք բազմաթիվ սոցիալական, կենցաղային ու տարաբնույթ այլ խնդիրներ, մեր առջև դրվեց ներքին կյանքի արագ վերականգնման հարցը: Ոստիկանության և ԱԻՊԾ համակարգերի միավորումն ավելի շատ նպաստեց օպերատիվության բարձրացմանը, րոպե առաջ բնակչության կողքին կանգնելուն, փրկության, դեպքերի ու պատահարների կանխարգելմանը, ներքին անվտանգության և բնակչության ազատ տեղաշարժի ապահովմանը։ Սկզբից մտավախություն կար, անկեղծ կլինեմ։ Բայց ամեն ինչ շատ արագ կարգավորվեց՝ շնորհիվ մեր բոլոր պատասխանատուների ու ծառայողների։
—Առաջադեմ հասարակություն և զարգացող երկիր կերտելու գործում ինչպե՞ս եք պատկերացնում ԱՀ ՆԳ նախարարության ներդրումը:
— ԱՀ բոլոր գերատեսչություններից, ուժային կառույցներից, այդ թվում՝ ՆԳ նախարարությունից է մեծապես կախված երկրի ապագան, որտեղ միանշանակ մեծ դերակատարում պետք է ունենա նաև յուրաքանչյուր մտահոգ քաղաքացի: 2021 թվականի հունվարի 26-ին, երբ կազմավորվեց նախարարությունը, հենց առաջին աշխատանքային օրը մեր առաջ խնդիր դրեցինք՝ ի՞նչն իրապես փոխենք հիմա և ի՞նչ պետք է անենք հետո, որպեսզի կարողանանք ընթանալ կայուն զարգացման ուղով։ Հարցերի պատասխանը շատ պարզ էր՝ արագ ոտքի կանգնել, լծվել աշխատանքի, ապահովել հասարակական կարգ ու կանոն, պաշտպանել մեր հայրենակիցների իրավունքները: Ու այդպես մինչև այսօր: Այնպես որ, բարգավաճող երկիր կառուցելու իմ առաջին տեսլականը ամուր գերատեսչություններ և կայացած ինստիտուտներ ունենալն է, արհեստավարժ մասնագետների պատրաստումը, ինչպես նաև տեղեկատվության, գիտելիքի և տեղեկատվական տեխնոլոգիաների դերի մեծացումը հասարակական կյանքում:
— Դուք Ձեր խոսքում նշել էիք, որ նախարարության հիմնական նպատակներից մեկը նաև հասարակությանը ոստիկանի և փրկարարի նոր կերպար ներկայացնելն է։ Ոստիկանի և փրկարարի հին կերպարում կոնկրետ ի՞նչն եք ցանկանում փոխել:
-Այո՛, նշել ու վերահաստատում եմ՝ բնավ նկատի չառնելով, որ նախկինում թերություններ եղել են: Պարզապես պատերազմից հետո նոր իրողություններ են, որտեղ անվտանգությունն առաջնային դիրքում է: Կարծում եմ՝ մեր հանրությունն էլ նկատում է այն դրական դինամիկան, որ այսօր կա 2 կառույցներում: Առաջին փոփոխությունը օպերատիվության մակարդակի բարձրացումն էր, քանի որ 2 կառույցներն այժմ հրահանգավորվում են մեկ կենտրոնից: Մեզ համար կարևորը մարդու և հասարակության իրավունքների պաշտպանությունն է, մարդկային կյանքի փրկությունը: Ես բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ Արցախում օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրականության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Մենք այլ տարբերակ չունենք: Այսօր արդեն մենք ունենք կառույց, որին վստահում են և որին հավատում են՝ ի դեմս ոստիկանի և փրկարարի:
— 2019թ. Ձեր հիմնած «Արարիչ» հիմնադրամը նախընտրական շրջանում բավականին ակտիվ էր, արդյո՞ք հիմա էլ շարունակում է գործունեությունը և ո՞ր ոլորտներին է ուշադրություն դարձնում:
— Իմ հիմնադրած «Արարիչ» կազմակերպությունն իր գործունեության ողջ շրջանում օգնել ու աջակցել է հարյուրավոր ընտանիքների ու անհատների, իրականացրել տարբեր բարեգործական ու մշակութաժամանցային նախագծեր: Պատերազմից հետո «Արարիչ»-ն առայժմ գործունեություն չի ծավալել: Անհրաժեշտության դեպքում այն վերստին կգործի և կծառայի իր նպատակին:
—Արցախում Սահմանադրական փոփոխությունների և արտահերթ նախագահական ընտրությունների հետ կապված՝ քննարկվում է նաև նախագահի հնարավոր թեկնածուների հարցը, որոնց շարքում շոշափվում է նաև Ձեր անունը: Այդ շշուկները ինչ—որ իրական հիմք ունե՞ն, ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունե՞ք:
-Առհասարակ, կարգն է այդպես. նախընտրական շրջանում տարբեր մակարդակներում միշտ խոսակցություններ ու շշուկներ լինում են: Աշխատում եմ չլսել դրանք, քանի որ ենթադրությունների մակարդակում հնչող ցանկացած կարծիք կամ տեսակետ նման է բամբասանքի, իսկ ես դրա ոչ ժամանակն ունեմ, ոչ տրամադրությունը: Ես հիմա էլ ակտիվ աշխատանքային առօրյայի, եթե կուզեք՝ քաղաքականության մեջ եմ: Երբեք մեծ պաշտոնների չեմ հավակնել: Որտեղ ցանկացավ ինձ տեսնել ԱՀ քաղաքացին, ես կլինեմ այնտեղ: Իսկ Ձեր հարցին ավելի հստակ պատասխանելու համար նշեմ՝ ԱՀ նախագահի պաշտոնին առայժմ չեմ հավակնում:
—Ձեր պաշտոնական հաղորդագրություններից, հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ թափանցիկ աշխատելաոճի կողմնակից եք, բայց դրան զուգահեռ՝ ԱՀ ԱԺ նիստերին չեք մասնակցում, մամուլի ասուլիսներ չեք հրավիրում, անձամբ հարցազրույցներ չեք տալիս: Ինչո՞վ եք բացատրում այդ հանգամանքը:
-Ես կողմնակից եմ թափանցիկ աշխատանքի, և իմ ղեկավարած կառույցը բաց է ինչպես հասարակության տարբեր շերտերի, այնպես էլ լրատվամիջոցների առաջ: Հատկապես պատերազմի օրերին և 2021 թվականի ամբողջ տարվա ընթացքում ընդունել ենք ԶԼՄ տարբեր ներկայացուցիչների: Ըստ էության, մամուլի ասուլիսների ժամանակ ներկայացվում է տարվա կամ որևէ ժամանակահատվածի կատարած աշխատանքը՝ հաշվետվության կարգով, իսկ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվական ծառայությունն իմ հանձնարարությամբ յուրաքանչյուր երկուշաբթի ամփոփում է շաբաթվա դեպքերն ու պատահարները, 2 կառույցների առաջին եռամսյակի, ապա կիսամյակի ու տարվա կատարած աշխատանքը՝ ամփոփիչ ռեպորտաժներով: Ամենշաբաթյա հաղորդումներով հաճախ հանդես են գալիս ոստիկանության և ԱԻՊԾ ղեկավարները, պատասխանատուները, այսինքն՝ մեր կառույցում ինֆորմացիոն դաշտը բաց է: Ունենք ակտիվ համագործակցություն Արցախի ու հայաստանյան բոլոր լրատվամիջոցների հետ, ու նաև Ձեզ ենք շնորհակալ այս հարցազրույցի համար:
Ինչ վերաբերում է ԱԺ նիստերին չմասնակցելու հարցին, ապա չեմ մասնակցում այն դեպքում, երբ գործուղման մեջ եմ և կամ բացակայում եմ երկրից: Ես մշտապես կապի մեջ եմ խորհրդարանի բոլոր խմբակցությունների ու պատգամավորների հետ, քննարկում ենք ամենատարբեր հարցեր, բարձրացնում խնդիրներ, տալիս համապատասխան ու սպառիչ լուծումներ: Այսինքն՝ ինձ համար կարևորն աշխատանքի արդյունքն է, բովանդակությունը, և ոչ երբեք՝ ձևը: