Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահի թեկնածուների գրանցումը, այդպիսով' այդ երկրի նախագահի աթոռին հավակնում է 23 թեկնածու: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

 

ԿԸՀ գրանցման հայտ է ներկայացրել 46 թեկնածու, սակայն նրանցից 23-ի գրանցումը մերժվել է' օրենքի պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Այսպիսով, 23 թեկնածուներից 7-ի թեկնածությունն առաջադրել են քաղաքական ուժերը, 16-ը համարվում են ինքնաառաջադրվածներ:

 

Քաղաքական ուժերի կողմից առաջադրված թեկնածուներն են՝ «Բատկիվշինայի» առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, «Ազատությունից»՝ Օլեգ Տյագնիբոկը, Կոմունիստական կուսակցությունից' Պյոտր Սիմոնենկոն, «Քաղաքացիական դիրքորոշումից»՝ Անատոլի Գրիցենկոն, Ուկրաինայի ժողովրդական կուսակցությունից՝ Ալեքսանդր կլիմենկոն, «Նառոդնի Ռուխից»՝ Վասիլի Կույբիդան, «Ռադիկալ» կուսակցությունից՝ Օլեգ Լյաշկոն:

 

Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին: