Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է փաստաթղթեր և 2.5 մլն գրիվնայի գրավ 24 մարդուց, ովքեր հավակնում են նախագահի պաշտոնին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

ԿԸՀ մամուլի ծառայության տվյալներով՝ թեկնածուի պաշտոնական կարգավիճակ է ստացել արդեն 7 մարդ՝ նախկին փոխվարչապետներ Յուրի Բոյկոն և Սերգեյ Տիգիպկոն, Խարկովի նախկին նահանգապետ Միխայիլ Դոբկինը, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռենատ Կուզմինը, գործարար Վադիմ Ռաբինովիչը, Ռադայի նախկին պատգամավոր Վալերի Կոնովալյուկը և «Ինտերագրոէքսպորտի» ղեկավար Վլադիմիր Սարանովը:

 

4 խորհրդարանական խմբակցություններ՝ «Բատկիվշչինան», «ՈՒԴԱՌ»-ը, «Ազատությունը» և Ռեգիոնների կուսակցությունը համագումարներ են անցկացրել, որոնց արդյունքում առաջադրել են իրենց թեկնածուներին: Ինչպես և սպասվում էր «Բատկիվշչինան» առաջադրել է Յուլյա Տիմոշենկոյին, «Ազատությունից» առաջադրվել է Օլեգ Տյագնիբոկը: Ռեգիոնների կուսակցությունը կանգ է աել Դոբկինի թեկնածության վրա, իսկ «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, ով նախկինում առաջինն էր հայտնել իր նախագահական հավակնությունների մասին, հրաժարվել է նախկին ծրագրերից և որոշել աջակցել խորհրդարանի պատգամավոր, օլիգարխ Պյոտր Պորոշենկոյին:

 

«Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը ընտրությունների է գնում որպես ինքնաառաջադրված թեկնածու: Նրա մրցակիցները կլինեն, մասնավորապես, հայտնի բժշկուհի Օլգա Բոգոմոլեցը, սոցիալական քաղաքականության նախկին նախարար Նատալյա Կորոլևսկայան, պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն:

 

Գրանցվելու համար ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել նաեւ Գերագույն ռադայի արտաֆրակցիոն պատգամավոր Օլեգ Լյաշկոն, պատգամավոր Օլեգ Ցարյովը, եկամուտների և տուրքերի նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոն, երկրի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Նիկոլայ Մալոմուժը և Ինտերնետ-կուսակցության ներկայացուցիչ Դարտ Վեյդերը: