Shamshyan.com -ի տեղեկություններով երեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության Զորքերի թիվ 1033 զորամասի դիմաց, բախվել են Lexus մակնիշի 04 CC 003 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Էդվարդ Քոչարյանի վարած Mercedes մակնիշի 35 VP 008 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1, թիվ 8 և թիվ 18 փրկարարական ջոկատները։ Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, որից հետո վթարի հետևանքով գետնին հայտնված մահացածին և Mercedes-ի վարորդին պատգարակով մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները, և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանն ու քննչական բաժնի պետ Ա. Վանյանը։ Պարզվել է, որ մահացածներն են Mercedes-ի վարորդ Է. Քոչարյանը և Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչ՝ 43-ամյա Մհեր Մելքոնյանը։ Իսկ վիրավորներն են 42-ամյա Լուսինե Բաղդասարյանը, Lexus ավտոմեքենայից դուրս բերված Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Էդմոն Բաղդասարյանը և Սարգիս Բաբուջյանը։
Նրանց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։ Փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ փրկարարները, ոստիկաններն ու քննիչները վթարի վայրում աշխատանքներ էին կատարում, մի քաղաքացի ժամը 00։30-ի սահմաններում դիմում է Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնում, որ որոշ ժամանակ առաջ Լենինգրադյան փողոցում իր Lexus մակնիշի ավտոմեքենան առևանգել են։ Իրավապահները պարզում են, որ խոսքը նշված վթարի մասնակից Lexus-ի մասին է, որի բեռնախցիկում հայտնաբերվել է նաև արտասահմանյան համարանիշներ։