Պետական եկամուտների կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել, որի թիրախում «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն է: Ըստ հաղորդագրության՝ 2016-2017 թվականների ընթացքում ընկերությունը նվազեցրել է հարկվող շահույթը, ինչի հետևանքով, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է մոտ 200 միլիոն ՀՀ դրամ գումարի վնաս (առանց տույժ և տուգանքների):
Հիշեցնենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ ընկերությունը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիներից մեկին: Ամիսներ առաջ, գաղտնալսման դեպքի առթիվ հրավիրված ասուլիսում, ԱԱԾ ու ՀՔԾ պետերը պնդում էին՝ ձեռքի տակ ունեն անհերքելի ապացույցներ, որ «Կոնգրես» հյուրանոցը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, և այն ձեռք է բերվել 6 միլիոն դոլար կաշառքի դիմաց: Բացի այդ, նույն ժամանակաշրջանում դաշտ էին գցել Զվարթնոց օդանավակայանի կեսի, հայաստանյան մի շարք բանկերի՝ Քոչարյանին պատկանելու վերաբերյալ տեղեկատվությունը, որը համապատասխան մարմիններն այդպես էլ չեն հաջողացրել ապացուցել:
Իրավապահների քայլերը հասկանալի են. Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, ըստ էության, մինչ օրս համեմված չէ անհերքելի փաստական բազայով, այլ կերպ ասած՝ ջուր է: Թիրախավորելով Քոչարյանի որդիների բիզնեսը, նրանք փորձում են խախտումները, եթե դրանք իհարկե ապացուցվեն, կապել Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, և այդպիսով՝ փոքր-ինչ հիմնավոր դարձնել նրա դեմ հարուցված քրեական գործերը: Հակառակ դեպքում՝ երկու ամիս անց՝ դատարանը ստիպված կլինի ոչ միայն ազատել Երկրորդ նախագահին, այլ մի բան էլ՝ փոխհատուցել «քաղբանտարկյալ Քոչարյանի» բարոյական վնասը…