Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց մամուլում այսօր հրապարակված լուրը, թե Երիտասարդական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը կկալանավորվի:
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս պահի դրությամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին մեղադրանք առաջադրված չէ»,- ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր armlur.am-ը գրել էր, թե նախաքննական մարմինը Երիտասարդկան հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին կալանավորելու որոշում է կայացրել, համապատասխան միջնորդությունն էլ ներկայացրել է գործը հսկող դատախազին, որպեսզի հավանությունը ստանալուց հետո դիմի դատարան:
Ըստ աղբյուրի, արդեն երեք օր է՝ նախաքննական մարմինը սպասում է դատախազության պատասխանին, սակայն դատախազությունում անսովոր կերպով լռում են:
Եթե Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին մեղադրանք առաջադրված չէ, հետևաբար, մամուլի հիշյալ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: