Մայրաքաղաքի սանիտարական մաքրմամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը վերջին ժամանակահատվածում տարբեր պատճառներով բավարար չի իրականացնում իր գործառույթները, որոնցից մեկն էլ մեքենաների անսարք լինելն է։ Այս պատճառով Երևանի քաղաքապետարանն օրերս ձեռք է բերել իր սեփական տեխնիկան՝ դառնալով քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատորներից մեկը։ Ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար մրցույթում հաղթող ճանաչված ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից ձեռք է բերվել 9 նոր հատուկ տեխնիկա:
Ըստ Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանի՝ քաղաքապետարանի կողմից մեքենաների գնումը կատարվել է խախտումներով։ ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Խաժակյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ հայտարարված է եղել մրցույթ և մեքենաները մրցույթով են ձեռք բերել, մինչդեռ գնումը եղել է մեկ անձից, որը մրցութային ընթացակարգ չի ենթադրում․ «Գնումների մասին օրենքը նախատեսում է, որ նախքան գնում իրականացնելը միջոց նախատեսվի բյուջեով, ինչը չի իրականացվել։ Թեև գումարները եղել են անցած տարվա խնայողությունների հաշվին, սակայն բյուջեում որպես փոփոխություն չի եղել, որպեսզի տեսնենք, թե որ ծախսային հոդվածներից են այդ գումարները վերցվել»,- նշեց նա։
Խաժակյանը նկատեց՝ ռուսաստանյան ընկերությունից մեքենաները ձեռք են բերվել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով․ «Սա ևս տեղի է ունեցել խախտումներով, սակայն այս պահին առաջնային հանգամանքն այն է, որ 9 մեքենաների 414․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումը անընդունելի է և սկսել է կրել պարբերական բնույթ։ Ըստ էության, մրցույթ չի եղել, եղել է մեկ հայտատուով գնում, տեխնիկական բնութագիրն էլ այնպես է գրված եղել, որ կարող էր հաղթել միայն Կամազը»,- նշեց Խաժակյանը։
Ստացվում է՝ մինչև մրցույթ հայտարարելն արդեն իսկ որոշված է եղել հաղթողը։
Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ կրկին համայնքը դարձավ քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատոր և որքանո՞վ դա արդյունավետ կլինի, Խաժակյանն ասաց, որ դրանց վերաբերյալ իրենք հարցեր են ուղղել քաղաքապետին, որի պատասխանից կհասկանան՝ որքանով են քաղաքապետարանի տված լուծումներն արդյունավետ։
Նշենք, որ վերջին 25 տարում, Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ է աղբահանության և սանմաքրման իր սեփական հավաքակայանն ունենում: Իսկ նոր տեխնիկան միաժամանակ մի քանի գործողություն է իրականացնում․ ձնամաքրումից բացի, դրանք նախատեսված նաև աղ ու ավազ ցանելու համար: Տարվա տաք եղանակներին էլ կարող են ծառայել որպես ջրցան մեքենաներ՝ ապահովելով երևանյան փողոցների մաքրությունը:
Սոնա Հարությունյան