Այսօր՝ հունվարի 27-ին, կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանն է։
Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը 1956-1960 թվականներին կոմպոզիցիա է սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։ 1967-1986 թվականներին ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում։ 1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում։ 1992-1995 թվականներին զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։
Հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։
Նա գեղարվեստական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները։
Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվել Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։
Մանսուրյանը գրել է երաժշտություն նաև (գեղարվեստական՝ «Նռան գույնը», 1969թ., «Մենք ենք, մեր սարերը», 1969թ., «Սգավոր ձյունը», 1978թ., «Կտոր մը երկինք», 1980թ., «Հին օրերի երգը», 1982թ., «Կորիոլան», 1982թ., «Մեր մանկության տանգոն», 1984թ., «Ճերմակ անուրջներ», 1984թ. և այլ ֆիլմերի համար: Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը:
Հիշեցնենք, որ օրերս մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ամենացանկալի մաղթանքը ումից կուզեր լսեր իր հոբելյանի առթիվ, ասաց.
«Ներողություն պետք է խնդրեմ, սենտիմենտալ կարող է հնչել. մաղթանք իմ կնոջից կուզեի լսել, որը չկա»: