Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը պարտադիր է համարում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի կնքումը:
Լրագրողների հետ զրույցում Բալասանյանը նշեց, որ այդ համաձայնագիրը միանշանակ պետք է կնքվի:
«Բանակցային բոլոր գործընթացները պետք է իրականացվեն փաստաթղթերով, և այդ համաձայնագիրը նույնպես պետք է առկա լինի: Այս ամենի վերաբերյալ աշխատանքներ են տարվում, որևէ բացասական պատասխան չի եղել ներկա իշխանություններից: Համոզված եմ, որ միջազգային հանրությունը նույնպես շատ լավ կընդունի»,- ընդգծեց Բալասանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները պետք է ընթանան պաշտոնական փաստաթղթի շուրջ, մինչդեռ ներկայում այդ ամենը բանավոր է: «Նրանք, ովքեր խոսում են, որ ժողովրդին պետք է պատրաստել խաղաղության, ես առաջարկում և հորդորում եմ, որպեսզի համապատասխան ինստիտուտները, երկրի ղեկավարները նախ և առաջ տարածաշրջանում կնքեն խաղաղության պայմանագիր: Եթե մենք չունենք խաղաղության պայմանագիր, մենք չունենք այն փաստաթուղթը, որը միջազգային հանրությունը կճանաչի: Այդ դեպքում չի կարող ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին խոսք գնալ»,- նկատեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը: