Լուսնի յուրացման ամերիկյան նախագիծը կներառի ոչ միայն Gateway լուսնաշուրջ կայանը, այլև մի ամբողջ ենթակառուցվածք, որը Երկիրը կկապի իր բնական արբանյակի հետ, և այդ նախագծին մասնակցությունը բաց կլինի բոլոր շահագրգված միջազգային գործընկերների համար: Փետրվարի 14-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը՝ Վաշինգտոնում՝ NASA-ի կենտրոնակայանում կայացած կլոր սեղանի ժամանակ, որը նվիրված էր Լուսնի հետազոտության ծրագրին:

«Մեր միջազգային գործընկերներից ոմանք որոշել են, թե Gateway-ը հիշեցնում է Միջազգային տիեզերակայանը, և նրանք բոլորը մրցում են, որպեսզի ստանան այդ մեկ տարրի, որը կոչվում է Gateway, մի մասը»,- պարզաբանել է Բրայդենսթայնը: «Իրականում դա այն չէ, ինչ մենք պատկերացնում ենք երկարաժամկետ հեռանկարում, մենք նախատեսում ենք մի ամբողջ ենթակառուցվածքի ստեղծում (…), այդ ամբողջ ենթակացուցվածքը բաց և մատչելի կլինի միջազգային գործընկերների մասնակցության համար, և դա մեզ բոլորիս թույլ կտա անել ավելին, քան երբևէ»,- հայտարարել է NASA-ի ղեկավարը: «Մենք այժմ խոսում ենք շատ լայն եւ բաց ենթակառուցվածքի մասին, որը կներառի Երկրի և Լուսնի միջև բոլոր կապող տարրերը և նույնիսկ բնակելի մոդուլներ Լուսնի մակերեւույթին»,- հավելել է նա: