Երևանի պետական համալսարանում երեկ տեղի ունեցավ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում մեկ հարց էր` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը: Վերջինիս, հիշեցնենք՝ մեղադրում են ԵՊՀ-ում կատարված չարաշահումների մեջ: Ինքը՝ Սիմոնյանը, իր մեղքը չի ընդունում և պնդում է, որ հրաժարական տալու որևէ հիմք չունի: Իսկ իրավիճակի ողջ իրոնիան կայանում է նրանում, որ այն մարդը, ով մեկ ամիս առաջ հայտարարում էր ԵՊՀ-ում կոռուպցիոն բացահայտումների մասին, արդեն մի քանի օր է, ինչ հայտնվել է ԱԱԾ-ում՝ մի ուրիշ կոռուպցիոն պատմության շրջանակներում: Խոսքը Դավիթ Ադյանի մասին է:
Ուշագրավ մեկ այլ դրվագ էլ այն է, որ հունվարի 21-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը միաձայն որոշում էր կայացրել դրական գնահատել ռեկտորի աշխատանքը, սակայն մի քանի օր անց գաղտնի կերպով նախաձեռնել է խորհրդի նիստ՝ օրակարգում ընդգրկելով ԵՊՀ ռեկտորի պաշտոնանկության հարցը: Հասկանալի է, որ այս հարցում իր լուման է ունեցել հոգաբարձուների խորհրդի նախագահը և վերջինս վստահ էր, որ այս հարցում վայելում է խորհրդի աջակցությունը: Եթե վստահ չլիներ, որ խորհրդի գոնե 51 տոկոսը կողմ է լինելու ռեկտորի լիազորությունների դադարեցմանը, նման օրակարգով նիստ չէր հրավիրի: Տրամաբանական է, որ նիստի ժամանակ Մուրադյանը պետք է հիմքեր ներկայացներ, թե ինչու պիտի դադարեցվեն ռեկտորի լիազորությունները: Արդարության համար նշենք՝ ականատես չեղանք վերոնշյալ հիմքերի ներկայացմանը, ավելին՝ Մուրադյանի պլանները ձախողվեցին նաև երկրորդ մասով՝ խորհրդի նիստը հետաձգվեց նիստի օրակարգը չհաստատելու պատճառով, քանի որ հոգաբարձուների խորհուրդը, ըստ էության, չի կիսում Մուրադյանի՝ ամեն գնով ռեկտոր Սիմոնյանից ազատվելու ձգտումը:
Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն՝ ԵՊՀ-ում բավականին անսպասելի է եղել Գեւորգ Մուրադյանի ընտրությունը՝ ոչ միայն այն պատճառով, որ նախապես շրջանառվում էր նախկին ԿԳ փոխնախարար, այժմ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի անունը, այլեւ այն, որ նորընտիր նախագահը հին «պլեադայից» է՝ եղել է Կարեն Կարապետյանի խորհրդականը կրթության գծով։ 2017-ի ԱԺ ընտրություններում եղել է ՀՀԿ համամասնական ցուցակի 48-րդ համարը, ինչպես նաեւ` ՀՀԿ խորհրդի անդամ:
Եվ թեև ՀՀԿ «շկոլան» անփոխարինելի փորձ է տալիս անցանկալի անձանցից ազատվելու համար՝ Մուրադյանի մոտ դա դեռ չի ստացվում, Սիմոնյանն էլ նրա համար շարունակում է «պինդ ընկույզ» մնալ: Չնայած Մուրադյանի առաջին ֆիասկոյին, պարզ է, որ ամեն ինչ արվելու է ռեկտորի հրաժարականին հնարավորինս արագ հասնելու համար: Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից բացի, ակտիվորեն շրջանառվում է նաեւ ԿԳ նախկին փոխնախարար, այժմ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի անունը: Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կյանքի կկոչվի ԵՊՀ կանոնադրության՝ վաղուց մտադրված փոփոխությունը, ըստ որի, դոկտորի գիտական կոչման պարտադիր լինելու հանգամանքը, որը գործում է այսօր, վերանալու է, եւ գիտությունների թեկնածուի կոչումով հնարավոր կլինի զբաղեցնել ռեկտորի պաշտոնը:
ԵՊՀ-ում, ինչպես ասում են՝ կրքերը եռում են, մի բան միայն ակնհայտ է՝ Մայր բուհը, և ընդհանրապես բուհական համակարգը պետք է զերծ պահել քաղաքականությունից, կարծես թե սա էր հենց ՀՀ նոր իշխանությունների հեղափոխական տեսլականներից մեկը: