Շտապ անհրաժեշտ Է ԿԺԴՀ-ին 120 մլն դոլարի չափով մարդասիրական օգնություն ցուցաբերել երկրի 3,8 մլն բնակիչների կյանքը փրկելու համար, որոնք տառապում են պարենամթերքի եւ դեղորայքի անբավարարությունից: Այդ մասին, ասված Է Փհենյանում ՄԱԿ-ի համակարգող Տապան Միշրայի հայտարարության մեջ, որը մարտի 6-ին զետեղվել Է կազմակերպության կայքում:
Միջազգային փորձագետների գնահատումների համաձայն, ներկայում ԿԺԴՀ-ի 25 մլն բնակիչներից շուրջ 11 միլիոնը սննդամթերքի, մաքուր խմելաջրի պակաս ունեն, զրկված են նորմալ սանիտարական պայմաններից եւ հնարավորություն չունեն օգտվելու առողջապահական համակարգից: «Լայնորեն տարածված թերասնումն սպառնում Է երեխաների մի ամբողջ սերնդի, ընդ որում՝ յուրաքանչյուր հինգերորդ երեխան թերզարգացած Է խրոնիկական քաղցածության պատճառով,-ընդգծվում Է փաստաթղթում:-Առողջապահության սահմանափակ հնարավորությունների եւ անվտանգ ջրին ու սանիտարա-հիգիենիկ ծառայություններին հասանելիության բացակայության պայմաններում երեխաները նաեւ ենթարկվում են այնպիսի հիվանդություններից մահանալու ռիսկին, որոնք հնարավոր Է բուժել»:
Միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2018 թվականին ԿԺԴՀ-ում արտադրված սննդամթերքների ծավալն ամենացածր Է եղել վերջին տասը տարվա ընթացքում, ինչը հանգեցրել Է պարենամթերքի զգալի դեֆիցիտի: 2017 թվականի դեկտեմբերից ի վեր ԿԺԴՀ-ի նկատմամբ գործում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոշտ պատժամիջոցները, որոնք զգալիորեն սահմանափակում են հանրապետության առեւտուրը արտասահմանյան երկրների հետ, ինչը հանգեցրել Է այդ թվում՝ երկրին պարենամթերքի մատակարարումների կտրուկ նվազմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: