Կառավարության երեկվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնվել էր, մեղմ ասած, աննախանձելի վիճակում. կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին, ստիպված էին Թորոսյանի համար տնտեսագիտության տարրական հիմունքների կարճատև դասընթաց կազմակերպել` ձեռքի հետ էլ նախատելով ու «երեսով տալով» այդ ոլորտում նախարարի գիտելիքների մակարդակը: Շատերի կարծիքով՝ վարչապետի նման պահվածքը պատահական չէր և պայմանավորված էր ոչ այնքան նախարարի սկզբունքային դիրքորոշման հետ, որքան Թորոսյանի՝ վերջին շրջանում ցուցաբերած ակտիվության, ինչ-որ տեղ նույնիսկ փիառ ակցիայի հետ, որի արդյունքում նախարարի վարկանիշը սկսեց կտրուկ աճել և կառավարության մյուս անդամների ֆոնին Թորոսյանը սկսել էր դրականորեն առանձնանալ:
Նման իրավիճակը, իհարկե, որևէ կերպ չէր կարող բխել վարչապետ Փաշինյանի շահերից, թիմը՝ թիմ, սակայն Փաշինյանը միանշանակ հակադարձելու է վարչապետի աթոռին աչք դրած պաշտոնյաների նկրտումներին: Իսկ Թորոսյանի ֆան-ակումբը չէր էլ թաքցնում, որ վերջինս ունի նման ձգտում: Ի դեպ, ուշագրավ էր նաև, որ Թորոսյանին պախարակելու սուրբ գործին լծվեցին նաև Ատոմ Ջանջուղազյանն ու Մհեր Գրիգորյանը, հին գելերը այս հարցում օգնության եկան Փաշինյանին, որպեսզի վերջինիս արտահայտած դիրքորոշումը հանրության աչքերում շատ ավելի հիմնավոր դիտարկվի:
Մինչդեռ, ինչպես երևում է, Թորոսյանը չի պատրաստվում հանձնվել: Ժամ առաջ նա իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է կատարել, պնդելով, որ ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ ծխելը թողածների և չսկսածների շրջանում: Այս գրառումը իրականում Փաշինյան-Թորոսյան փոքրիկ համակարտության նոր փուլ է բացում, որում առողջապահության նախարարը վարչապետի էմոցիաներին պատրաստվում է հակադրել չոր վիճակագրություն: Ինչպիսի՞ն կլինի Փաշինյանի արձագանքը: Ձեռնոցը նետված է…