Հայաստանում հարկային բարեփոխումների՝ հարկերի ավելացման արդյունք չի բացառվում, որ որոշակի ապրանքատեսակների գներ բարձրանան: Սակայն այն կլինի թույլատրելի միջակայքում՝ 4 տոկոսի շրջանակում:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«2019-ին գնաճը չի բացառվում, սակայն միայն օրենքով սահմանված շրջանակում: Երբ կա հարկային վարչարարության բարելավում,և հարկային վարչարարությունը ստվերից դուրս է բերում տնտեսվարող սուբյեկտների որոշակի հատվածի, ապա դա պահանջում է, որ այդ սուբյեկտներն իրենց վաճառած ապրանքների և ծառայությունների համար վճարեն հարկերը, այդ թվում ավելացված արժեքի հարկը։ Վերջինս գնային գործոն է և որոշ չափով ազդում է նաև գների վրա: Եթե, օրինակ, մեկը իր ապրանքների մի մասը վաճառում էր առանց ԱԱՀ-ն ամբողջությամբ վճարելու, իսկ այսօր վճարում է, ապա որոշ չափով գների ավելացում կարող է նկատվել»,-ասաց Խաչատրյանը:
Նա շեշտեց, որ կա Պետական բյուջեի մասին օրենք, որը սահմանում է գնաճի որոշակի միջակայք: Գնաճը միշտ կառավարելի է, թե ԿԲ-ն, թե կառավարությունը հետևողական են այդ հարցում: Նախարարի կարծիքով՝ արտառոց որևէ բան չի սպասվում: Գնաճը 2019-ին չի գերազանցի 4 տոկոսը:
Խաչատրյանը չկարողացավ նշել, թե որ ապրանքները կթանկանան։ Դա կախված է ապրանքների նկատմամբ պահանջարկի գնահատականներից: Նա գնաճը նաև համարեց տնտեսական աճին խթանող գործոններից մեկը։