Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել 2018 թվականի հաշվետվությունը, որում անդրադարձ կա նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Հաշվետվության մեջ, մասնավորապես նշված է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել Քոչարյանին:
«Պաշտպանը ցուցաբերել է մշտական հետեւողականություն, որպեսզի այս գործընթացն իրականացվի մարդու իրավունքների առաջնայնության եւ իրավունքի գերակայության սկզբունքի խստիվ պահպանմամբ: Քննարկվող քրեական գործերի քննությունը հանրային հետաքրքրության ակնհայտ նոր ալիք բարձրացրեց նաեւ այն պատճառով, որ դրա շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավվեց եւ հետագայում կալանավորվեց Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն այցելեց նրան ՀՀ արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրվեցին պահման պայմաններն ու Պաշտպանի իրավասությանն առնչվող այլ հարցեր:
Պաշտպանի կողմից Ռոբերտ Քոչարյանի իրավունքների պաշտպանության առնչությամբ նախաձեռնված քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է եղել եւ համագործակցել է նաեւ նրա փաստաբանների հետ: Այսպիսի աշխատանքը Պաշտպանին տվել է անմիջականորեն տեղեկությունների տիրապետելու ու իր իրավասության շրջանակներում համապատասխան լիազորություններն արդյունավետ գործադրելու հնարավորություն:
Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից»,-ասված է հաշվետվությունում:
Բացի այդ, Պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Հանրապետության երկրորդ Նախագահի կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության շրջանակներում ուղղվել են համապատասխան պետական մարմինների:
«Քննարկման առարկա են դարձվել՝ քրեակատարողական հիմնարկի խցում համակարգիչ կամ էլէկտրոնային համարժեք միջոց ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաեւ. մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը:
Այս հարցերի հետ կապված՝ Պաշտպանը նախաձեռնել է մանրամասն ուսումնասիրություն, որի արդյունքում այդ արգելքների վերացմանն ուղղված առաջարկներ համապատասխան իրավական վերլուծությունների հետ միասին ներկայացվել են Արդարադատության նախարարություն ու Հատուկ քննչական ծառայություն՝ ըստ նրանցից յուրաքանչյուրի իրավասության:
Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է նշել է, որ հատկապես ընտանիքի անդամների հետ տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելմանն առնչվող ՀՀ օրենսդրությունն ու պրակտիկան համակարգային առումով խնդրահարույց են եւ համահունչ չեն մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին:
Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Ռոբերտ Քոչարյանը դժգոհություններ չի ներկայացրել քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից:
Պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Հանրապետության երկրորդ Նախագահը բարձրացրել է քրեակատարողական հիմնարկի խցում համակարգիչ ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաեւ մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը:
Այս հարցերի հետ կապված՝ Պաշտպանը նախաձեռնել է մանրամասն ուսումնասիրություն, որի արդյունքում այդ արգելքների վերացմանն ուղղված առաջարկներ համապատասխան իրավական վերլուծությունների հետ միասին ներկայացվել են Արդարադատության նախարարություն ու Հատուկ քննչական ծառայություն:
Պաշտպանի միջամտությամբ Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է խցում առանց համացանցի հասանելիության համակարգիչ: Մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների եւ հեռախոսային խոսակցությունների արգելքը վարույթն իրականացնող մարմնի կողմից մասնակի վերացվել է: Արգելքը պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, ով քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի:
Վերացվել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը»,-ասված է հաշվետվությունում: