Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցում այսօր վաղ առավոտից դասադուլ է։ Դպրոցի աշակերտները, ծնողները, ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ բողոքելով տնօրենի նշանակումից:
Տնօրենի հաստիքի համար հայտարարված մրցույթի մեծ թվով մասնակիցներից միայն երկուսն են անցել 2-րդ փուլ․ երկար տարիներ դպրոցում փոխտնօրեն աշխատած Մարիետա Հարությունյանը հավաքել է 4, իսկ Կարինե Մարգարյանը՝ 3 միավոր: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են՝ թեև վերջինս ավելի քիչ ձայն է հավաքել, սակայն նշանակվել է հենց նա, քանի որ Լոռու մարզպետի ծանոթն է։
ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը թեև փորձեց շրջանցել հարցը, սակայն ի վերջո հաստատեց պնդումները․ «Մրցույթին մասնակցած անձանցից մեկը եղել է մարզպետարանի աշխատակից, մյուսը՝ քոլեջի՝ իմ դասընկերուհիներից մմեկը, ևս մի քանիսն ուղղակի ծանոթներ են, սակայն դա ոչինչ չի նշանակում։ Տնօրեն նշանակել է փոխվարչապետը, քանի որ մրցույթում հաղթող չէր ճանաչվել»,-ասաց նա։
Ճշտող հարցին՝ տնօրեն նշանակված Կարինե Մարգարյա՞նն է եղել քոլեջի իր դասընկերուհին, մարզպետը դրական պատասխան տվեց։
Նշենք, որ դպրոց են ժամանել մարզպետարանի կրթության վարչության պետ Ռաֆայել Հարությունյանն ու աշխատակիցները։ Հսկողություն էին իրականացնում իրավապահները։ Բողոքող ծնողներն ու աշակերտները վանկարկում էին Մարիետա Հարությունյանի անունը՝ ցանկություն հայտնելով, որ հենց նա զբաղեցնի տնօրենի պաշտոնը։
Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանն էլ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ անօրինական ոչինչ չի եղել․ «Հանձնաժողովի 8 ներկայացուցիչներից 2-ը ծնողխորհրդից էին, 2-ը մանկավարժական խորհրդից, 2-ը մարզպետի նորկայացուցիչ, 1-ը համայնքի, 1-ը՝ նախարարության լիազորված անձը։ Ծրագրերը ներկայացնելուց հետո փակ քվեարկությամբ ձայն է տալիս մասնակիցներին, եթե մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարում 5 ձայնի շեմը, իրականացվում է 2-րդ փուլ, որտեղ առավելագույն ձայներ քավաքած թեկնածուների միջև կատարվում է նոր քվեարկություն, եթե այս դեպքում էլ ոչ ոք 5 ձայն չի հավաքում, մասնակիցների թղթերն ուղարկվում է փոխվարչապետին, ով ուղարկել է Մարգարյան Կարինեի թեկնածությունը, որի հետ էլ մարզպետը աշխատանքային պայմանագիր է կնքել»,- ասաց նա։
Վարչության պետի կարծիքով՝ ցույցը ինչ-որ մեկի կողմից ուղղորդված է և միտում ունի տապալել դասապրոցեսը․ «Մյուս թեկնածուն շարունակում է կատարել փոխտնօրենի գործառույթները, և աշակերտներն ու ծնողները նրան չեն տեսել տնօրենի պաշտոնում, հետևաբար, ինձ համար անհասկանալի է, թե երեխայի համար ի՞նչ տարբերություն՝ ով է տնօրենը։ Հետևապես, ես տեսնում եմ ուղղորդում երեխաներին և ծնողներին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ուսուցչական աշխատակազմը տնօրենի նշանակումից որևէ դժգոհություն չունի:
Սոնա Հարությունյան