Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մեկ շաբաթով մեկնել է արձակուրդ: Նշենք, որ մարզպետը համեմատաբար նոր է՝ հինգ ամիս է, ինչ վերջինս ղեկավարում է մարզը, բայց, ինչպես տեսնում ենք, հասցրել է բեղուն աշխատանք կատարել և նույնիսկ հոգնել: Թերևս, հենց դա է պատճառը, որ երկրում ստեղծված պատերազմական իրավիճակում մարզպետներից մեկը մեկ շաբաթ որոշում է հանգստանալ:

Իսկ ի՞նչ բեղուն աշխատանքով է աչքի ընկել մարզպետ Խաչատրյանը: Նոր էր մարզպետը ստանձնել պաշտոնը, երբ պարզ դարձավ, որ Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար աշխատանքից հեռացրել են Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկական հիվանդանոցի տնօրեն Արտակ Եդոյանին: Դա դուր չի եկել Խաչատրյանին, ով էլ որոշել է նման հրաման արձակել: Եղոյանը իր հերթին դատի է տվել մարզպետին:

Հաջորդ սկանդալը, որի կիզակետում հասցրել է այս կարճ ժամանակահատվածում հայտնվել մարզպետը, կապված էր Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան երթին անձնուրացաբար մարդ հավաքելու հետ: Այն, որ Լոռու մարզում գործի են դրվել լուրջ վարչական ռեսուրսներ և լծակներ, բազմաթիվ գրառումներ են ապացուցում, սակայն ինքը' մարզպետը, համարում է, որ ընդամենը մարդկանց հորդորել է մասնակցել այդ երթին:

Այս ամիսների ընթացքում մարզպետը նաև կարևորագույն խնդիր է լուծել՝ ամեն կերպ փորձել է ցրել իր կնոջ դեմ հարուցված քրեական գործի մասին խոսակցությունները: Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Լոռու մարզպետարանում գործող կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտների երեք հիմնադրամներն էլ հայտնվել էին ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Հիմնադրամներից ամենամեծը՝ «Լոռու դպրոցը», հիմնադրումից ի վեր ղեկավարել է մարզպետ Արամ Խաչատրյանի հայրը՝ Մայիս Խաչատրյանը։ Հիմնադրամում աշխատում էր նաև նորանշանակ մարզպետի կինը՝ Մայա Մուրադյանը։ Ոստիկանությունը հիմնավոր փաստեր էր ձեռքբերել, որ տասնամյակներ շարունակ այդ հիմնադրամներին հանգանակություններ արած ուսուցիչներն ու բուժաշխատողները ոչ թե կամավոր են վճարումներ կատարել, այլ ամեն ամիս նրանց աշխատավարձից պարտադրաբար գանձումներ են արվել։ Ամենից հետաքրքրականը, սակայն, այստեղ այն փաստն է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ի պաշտոնե Լոռու մարզպետն է, այս դեպքում արդեն Արամ Խաչատրյանը, որին, ստացվում է՝ հաշվետու է հայրը: Ակնհայտ է շահերի բախումը։

Մարզպետը հասցրել է նաև աչքի ընկնել ԶԼՄ-ի աշխատակցի հետ զրույցում դրսևորած, մեղմ ասած, անվայելուչ պահվածքով' վերջինիս ասելով, որ նա չափը անցնում է և դիմելով դու-ով:

էկոլոգիական խնդիրների լուծման, բնապահպանության մասին հեքիաթներ պատմող իշխանությունների ներկայացուցիչ մարզպետն, ըստ էության, դեմ չէ նաև մարզում նոր հանքի շահագործմանը, սակայն, վերջինիս հետ համաձայն չեն բնապահպան-ակտիվիստներն ու տեղի բնակիչները շարունակում են դեմ արտահայտվել հանքի շահագործմանը՝ կազմակերպելով տարբեր ակցիաներ, տապալելով հանրային լսումները: