Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները պատրաստվում են հուլիսի 16-ից անժամկետ գործադուլ սկսել, եթե մինչ այդ չստանան նախորդ ամիսների աշխատավարձը: «Արմենպրես»-ի հետ զրույցում գործարանի ամոնիակի սինթեզի արտադրամասի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դիմել են մարզպետարան' տեղեկացնելով, որ մինչև հուլիսի 16-ի առավոտյան ժամը 10:00-ն ընկերության սեփականատերերի հետ չհանդիպելու պարագայում «Քիմպրոմ»-ի աշխատակիցները կտրուկ քայլերի կդիմեն: «Գործարանի աշխատակիցները պատրաստվում են գործադուլի և բողոքի ցույցերի, եթե նրանց աշխատավարձերը չվճարվեն: Խոսքը  6-11 ամսվա աշխատավարձի մասին է: Մինչ օրս բազմիցս դիմել ենք ընկերության տնօրենին և մարզպետին, սակայն մեզ ասում են, որ ոչինչ չեն կարող անել: Ընկերությունում արտադրություն չկա, և մեր աշխատավարձերը պետք է տրամադրվեն դոտացիաների հաշվին: Մեր բողոքի ցույցերի արդյունքում հունիսի 20-ին վճարվեց աշխատողների 2013 թվականի դեկտեմբերի աշխատավարձը: Մնացել են մոտ 30 աշխատողներ, որ դեռ չեն ստացել նախորդ տարվա աշխատավարձը»,- ասաց Մարտիրոսյանը:

 

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մարզպետարանը լավատեղյակ է խնդրից, սակայն իրավասու չէ ինչ-որ խոստումներ տալու աշխատակիցներին, քանի որ խոսքը մասնավոր ընկերության մասին է: «Մարզպետարանն իր գործառույթներից դուրս երբևէ խոստումներ չի տալիս, բայց ես պարբերաբար հանդիպում եմ աշխատողների հետ և փորձում եմ միևնույն ժամանակ կապ հաստատել գործարանի սեփականատերերի հետ: Ցավոք սրտի, այդ կապը մեզ դեռ չի հաջողվել: Փորձում ենք հասկանալ ապագայում ինչ է լինելու «Քիմպրոմ» -ի ճակատագիրը, սակայն ներկայումս կարող եմ ասել, որ հարցը քննարկման փուլում է, կան տարբեր հետաքրքրվող մարդիկ, որոնց հետ բանակցություններ են տարվում: Աշխատավարձի մասով ևս հարցը բարձրացվել է Կառավարությունում, ցավոք սրտի առայժմ դրական որևէ պատասխան չկա»,- ասաց մարզպետը:

 

«Քիմպրոմ»-ի աշխատավարձի ընդհանուր պարտքը կազմում է 100 մլն դրամ: Ընկերությունը «Հայռուսգազարդին» պարտք է շուրջ 1 միլիարդ դրամ, շուրջ այդքան էլ կազմում նաև ընկերության էլեկտրաէներգիայի պարտքը: