Դատավոր Գագիկ Հեբոյանին ենթադրյալ կաշառքի գումարը փոխանցելու մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվեց: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նշենք, որ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38- 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, այն է` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելուն օժանդակելը:
Հիշեցնենք, որ ըստ առաջադրված մեղադրանքի` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանն իր վարույթում քննվող քաղաքացիական գործով հայցվորի օգտին գործողություն կատարելու դիմաց՝ 2019թ. մարտի 4-ին, նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 1.715.000 ՀՀ դրամին համարժեք` 3500 ԱՄՆ դոլար կաշառք: Քաղաքացու հետ սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը նրա հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել` հիշյալ գործողությունը կատարելու դիմաց ստանալ 1.225.000 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք: Խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց եւ բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի օժանդակությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում 2500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, որը նույն օրը այն փոխանցել է դատավորին:
Մարտի 30–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու երկամսյա կալանքի որոշում կայացրել Գագիկ Հեբոյանի նկատմամբ։
Ապրիլի 3-ին կաշառքի օժանդակության համար կասկածվող փաստաբան Վահագն Դանիելյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր: Մեղադրանքից հետո քննիչը միջնորդություն էր ներկայացրել` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, ինչը բավարարվել է: