ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:
Վերաքննիչ քրեական դատարանը քննեց «Մարտի 1»-ի գործով բոլոր նյութերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը:
Ներկայացնելով մի շարք հիմքեր՝ պաշտպաններն ընդգծել են, որ դատավոր Դանիելյանը չի կարող սույն գործով անաչառ որոշում կայացնել։ Նրանք հիշատակել են, մասնավորապես, այն դատական նիստը, որի ժամանակ նույն Արմեն Դանիելյանը թույլ չի տվել ելույթ ունենալ Ռոբերտ Քոչարյանին ու նրա փաստաբանական թիմի անդամներին:
Դատարանը, լսելով երկու կողմերին, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Այն կհրապարակվի փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին:
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Սակայն քննիչը մերժել էր: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և 2019 թվականի նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը: