Դատարանների նկատմամբ ճնշումների վառ ապացույցն այն է, որ դատավորները Քոչարյանի գործը կարողացել են ինքնաբացարկով իրենց վրայից գցել։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ ճնշում ներկայիս դատավորի նկատմամբ։
«Եթե ինքը հիմա տեղյակ է այս գործի նախապատմությունից, թե ոնց է ճնշումը եղել դատավոր «Հրաչի» նկատմամբ (խմբ․- խոսքը Քոչարյանին առաջին անգամ կալանավորելու որոշում կայացրած Վաչե Մարգարյանի մասին է), որտեղից է եղել, հետո ինչ է տեղի ունեցել, երբ պարոն Ազարյանն ազատ է արձակել պարոն Քոչարյանին եւ այլն, հնարավոր չէ այդ պայմաններում մարդն իր վրա այդ ճնշումը չզգա. վառ ապացույց է, թե քանի դատավոր այս գործը կարողացել են ինքնաբացարկով իրենց վրայից գցել ու գցել են։ Դա որտեղի՞ց է գալիս, ինչի՞ց է գալիս, աղբյուրը ո՞րն է, այ հենց դա է աղբյուրը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Մարտի մեկի գործով սահմնադրակա կարգը տապալելու վերաբերյալ քրեական գործի հարուցումից հետո մինչ այս պահը Քոչարյանի խափանման միջոցի հարցը հրաժարվել է քննել 3 դատավոր, մեկ դատավոր էլ ինքնաբացարկ է հայտնել բուն գործը վարույթ ընդունելուց հետո։ Դատավորներից երեքին Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել։