Ինչպես հայտնի է, ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ ՍՊԸ-ի աշխատակիցները մարտի 1-ին բողոքի ակցիա էին իրականացրել ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանի հետագա պաշտոնավարման համար։ Ընկերության հիմնադիրներ Ալիկ և Գուրգեն Զաքարյան եղբայրները նրանից պահանջել էին 30%-ով կրճատել կամ աշխատակիցներին, կամ էլ վերջիններիս աշխատավարձերը։ Սակայն քանի որ Ղլեչյանը դեմ էր գնացել պահանջին՝ Զաքարյան եղբայրները որոշել էին դադարեցնել նրա պաշտոնավարումը, որից հետո պարզվեց, որ նոր տնօրեն է նշանակվել իրավաբան Արթուր Պողոսյանը։ ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով վերջինս եղել է Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ և պաշտոնից ազատվել է կաշառք վերցնելու համար․ «Փող է վերցրել, վերևների հետ չի կիսվել։ Հավանաբար, Աղվան Հովսեփյանն էլ իր հետ փողը չկիսվելու պատճառով հանել է գործից»,- ասաց ԼՈւՐԵՐ.com-ի աղբյուրը։
 
Մեր տեղեկություններով, ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ ՍՊԸ նորանշանակ տնօրեն Արթուր Պողոսյանը արդեն իսկ աշխատանքի է տեղավորել իր հարազատներին։ Նա ընկերության կադրերի պետ է նշանակել կնոջը՝ Մերի Անդրեասյանին, իսկ քրոջ որդուն՝ տնօրենի օգնական։
 
Ալեքսան Զաքարյանն էլ աշխատանքի է վերադարձրել իր համակուրսեցուն, մինչ հեղափոխությունը տնօրենի տեղակալ աշխատած Վլադմիր Վարդանյանին, որին աշխատանքից ազատել էր հեղափոխությունից հետո, տնօրեն նշանակված Արամ Ղլեչյանը։
 
Նշենք, որ Զաքարյանները աշխատանքից ազատել են նաև 450  աշխատակիցից 27-ին։ Վերջիններս մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց աշխատանքից ազատելու պատճառը բողոքի ակցիային ակտիվ մասնակցելն է եղել։
 
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ ՍՊԸ-ի անձնակազմի կառավարման բաժնի նախկին տեսուչ Մարի Դավթյանը նշեց, որ բողոքի ակցիաները դադարեցնելու համար Զաքարյանները «ստել են», թե տնօրենը կշարունակի պաշտոնավարել, իրնց աշխատանքում էլ փոփոխություն չի լինի․ «Մարտի 4-ին պարզվեց, որ գաղտագողի նոր տնօրեն են նշանակել։ Նա մեզ իր աշխատասենյակ էր կանչում և հորդորում ազատման դիմումներ գրել, եթե իր հետ ցանկություն չունենք աշխատելու։ Մենք ասացինք, որ պատրաստ ենք շարունակել աշխատանքը։ Հաջորդ օրն արդեն առաջարկեց իջեցնել աշխատավարձս, երբ ասացի, որ օրենքով արգելված է, ասաց՝ ինձ օրենք ես բացատրո՞ւմ։ Հետո առաջարկեց ավելի ցածր աշխատավարձով նորից ընդունվելու տարբերակը, այն ստոր տարբերակը, որը Զաքարյանները բազմիցս կիրառել են ընկերությունում, և որի դեմ մենք պայքարում էինք մարտի 1-ին։ Բացասական պատասխան տվեցի, որին հետևեց Պողոսյանի կողմից մեզ անընդմեջ դատարանով վախեցնելը։ Նախապես Ա. Պողոսյանին տեղեկացրել էի բացակայությանս պատճառի մասին։ Ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի ավարտից հետո սահմանված ժամանակում ներկայացա աշխատանքի, սակայն էլեկտրոնային այցեքարտս արգելափակված էր։ Մի քանի օր անց ինձ ապօրինաբար ազատեցին աշխատանքից»,- ասաց ընկերության նախկին աշխատակիցը։
 
Անձնակազմի կառավարման բաժնի նախկին տեսուչ Աննա Ալեքսանյանն էլ պատմեց, որ տնօրենն իր օգնականի և մեկի այլ անձի հետ ստիպում է գրել զեկուցագիր, որ մարտի 1֊ին ամբողջ օրը 21 աշխատակից չի ներկայացել աշխատանքի, այնինչ նրանք բացակայել էին 2 ժամով՝ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով․ «Մարտի 15֊ին տեղեկացրի տնօրենին վատառողջ լինելու մասին, անաշխատունակության ժամանակահատվածի ավարտից հետո ներկայացել եմ աշխատանքի, բայց արդեն արգելափակել էին էլեկտրոնային այցեքարտս, իսկ հետո ստացա ազատման մասին անհիմն հրամանը։ Նաև նշեմ, որ ամեն ինչ անում էին, որպեսզի չկարողանայինք աշխատել՝ անջատել էին մեր համակարգիչների ինտերնետ կապը և արգելափակել ՀԾ ծրագիրը։ Չնայած, որ Գ. և Ա. Զաքարյանները խոստացան, որ կրճատում չի լինի, սակայն այս պահի դրությամբ արդեն 26 աշխատակից անօրինական ազատվել է աշխատանքից»,-ասաց նա՝ նշելով, որ հեղափոխությունից հետո միայն դրական փոփոխություններ են եղել թե՛ ի օգուտ աշխատողների, թե՛ վարորդների, սակայն հենց դա էլ դուր չի եկել Զաքարյաններին։
 
Հիշեցնենք, որ մարտի 1-ին, «Սեքյուրիթի դրիմ»-ի արդեն նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք էր տվել ընկերության հիմնադիրների՝ Ալեքսան և Գուրգեն Զաքարյանների դեմ այն մասին, որ ՃՈ կողմից ամսական ստացված 70 միլիոն դրամից փաստացի ծախսվել է 27 միլիոն դրամը, իսկ 43 միլիոն դրամը յուրացվել՝ ՍՊԸ-ի հիմնադիրների կողմից:
 
Սոնա Հարությունյան