Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ ի ցույց ողջ աշխարհի առաջ տարավ թուրքական պատմագիտական-դիվանագիտական սուտն ու հերքեց հայերի դեմ իրականացված ոճրագործությունը:
Թուրքական արխիվներին նվիրված գիտաժողովի շրջանակում, հանդես գալով ելույթով, Էրդողանը, անդրադառնալով Առաջին աշխարհամարտի տարիներին կատարվածին, հայտարարել է, թե հայերն են կոտորել մուսուլման կանանց և երեխաներին, ու նման պայմաններում «հայ հրոսակներին ու նրանց աջակիցների արտաքսումը ամենատրամաբանական վարքագիծն է եղել»
Չհեռանալով Հայոց ցեղասպանության հարցում ցուցաբերվող ավանդական թուրքական ժխտողականությունից՝ Էրդողանը հայտարարել է, որ իրենց արխիվներում կան մեծ թվով փաստական տվյալներ, և այդ տվյալները պետք է նախ ուսումնասիրեն հետազոտողները, և դրանից հետո միայն քաղաքական գործիչները հանդես գան հայտարարություններով:
Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմանը՝ Էրդողանն ասել է. «Բոլոր նրանց, ովքեր հայկական հարցի շուրջ փորձում են մեզ մարդու իրավունքների վերաբերյալ դաս տալ, ամեն անգամ ստիպված ենք հիշեցնել նրանց արյունոտ անցյալը»:
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին Թուրքիայի առաջնորդի կողմից նմանօրինակ հայտարարությունների հնչեցումը վկայությունն է նրա, որ երկիրը շարունակում է հետևողական լինել պատմության և պատմական անհերքելի փաստերի ժխտման, սեփական անցյալն ուրանալու քաղաքական ժառանգությանը: Պետական մակարդակով հնչեցվող նման հայտարարությունները ոչ միայն լույս չեն սփռում այդ երկրի պատմության ամենամութ էջերի վրա, այլև շարունակում են գալիք սերունդների մեջ նոր թշնամանք ներարկել հայերի նկատմամբ: