Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում աշխարհի տարբեր մասերում: Անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները մեր գաղթօջախներում սկսել են կազմակերպվել ավելի վաղ:
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կահիրեում
Ապրիլի 22-ին Կահիրեում տեղի «Շամպոլիոն» ռոթարի ակումբը Հայոց Ցեղասպանության 98–րդ տարելիցին նվիրված միջոցառում անցկացրեց։ Որպես միջոցառման գլխավոր բանախոս էր հրավիրվել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Վերջինս խոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման անհրաժեշտության մասին: Ելույթից հետո դեսպան Մելքոնյանը պատասխանեց ակումբի անդամների և հյուրերի հարցերին։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող փաստագրական ֆիլմ։
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Քարդիֆում
Ապրիլի 22-ին Քարդիֆում կայացավ տեղի Հայ Առաքելական Եկեղեցու ծխական խորհրդի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հուշ-միջոցառում։ Այն տեղի էր ունենում Քարդիֆի Խաղաղության Տաճարում և առաջինն էր՝ Ուելսի եկեղեցու կողմից ապրիլի 24-ը որպես Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելուց ի վեր։ Միջոցառմանը մասնակցեցին և ելույթ ունեցան Ուելսի եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Բերրի Մորգանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը և հայ ժողովրդի մեծ բարեկամ, Քարմարթենի քաղաքի Քրայսթ Չըրչ եկեղեցու հովիվ Պատրիկ Թոմասը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՄԹ և Իռլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Հուշ-երեկոյի ավարտին մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Քարդիֆում կանգնեցված խաչքարի մոտ։
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում
Լիբանանում անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին: Ապրիլի 6-ին Անթլիլիասի մայրավանքում տեղի ունեցավ Կիպրոսում և Մերձավոր Արևելքի երկրներում Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովների ներկայացուցիչների տարածաշրջանային խորհրդաժողովը, որին մասնակցեցին Հայոց ցեղասպանության պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, պետական հանձնաժողովի անդամներ Կիրո Մանոյանը, Գաբրիել Չեմբերջյանը, Իրանի (Թեհրան, Սպահան և Թավրիզ), Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Կիպրոսի և Լիբանանի Հայոց ցեղասպանության 100 ամյակի հանձնաժողովների և Լիբանանի հայկական կուսակցությունների և հարանվանությունների ներկայացուցիչները: Ապրիլի 21-ին Հայ Կաթողիկե Պատրիարքարանում կազմակերպվեց Ոգեկոչման Հսկումի Երեկո' Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքի նախագահությամբ, որին ներկա էին դեսպան Քոչարյանը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչները, նախարարներ, խորհրդարանի անդամներ և հոգևորականներ: Երեկոյի բանախոսն էր Միհրան Նաջարյանը: Ցուցադրվեց «Ս. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի կողմից պատրաստված «Post Genocide timeline» տեսաերիզը: Ելույթ ունեցավ նաև Սուր քաղաքի հույն կաթողիկե առաջնորդ Ժորժ եպիսկոպոս Պագունին, ով 2004թ.-ին իր հոգևոր առաքելությունն իրականացրել էր Երևանում և Գյումրիում: Նա հիշեց, թե ինչպիսի հուզումով է այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երևանում և առաջարկեց կառուցել Ցեղասպանության թանգարան նաև Լիբանանում: Երեկոն եզրափակվեց Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքի խոսքով և աղոթքով: Ապրիլի 19-ին և 20-ին Մեսրոպյան վարժարանում «Թ. Ռոսլին» Կերպարվեստի դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպվեցին աշակերտական ոգեկոչման երեկո և 5-ից 18 տարեկան աշակերտների ցուցահանդես: Ապրիլի 21-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Դեմիրճյան կենտրոնում Հ.Բ.Ը.Մ. և Հ.Ե.Ը. մշակութային մարմնի աջակցությամբ տեղի ունեցավ ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Մենք կանք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է ներկայումս Թուրքիայի տարածքում բնակվող հայերին: Ցուցադրությունից հետո ֆիլմի հեղինակ Արմեն Խաչատրյանը պատասխանեց ներկաների հարցերին: Միջոցառմանը ներկա էին պաշտոնյաներ, ազգային կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, արվեստագետներ, դիվանագետներ:
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ուկրաինայում
Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 98–րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայում ՀՀ դեսպանության, Ուկրաինայի հայերի միության եւ Կիեւի հայ համայնքի նախաձեռնությամբ Ուկրաինայի Գիտությունների Ազգային Ակադեմիայի քաղաքագիտության եւ ազգագրական ինստիտուտում կայացավ կլոր սեղան' «1915 թ. հայերի ցեղասպանությունը. առանց մոռացության իրավունքի» խորագրով: Կլոր սեղանին մասնակցեցին Ուկրաինայի Գերագույն Ռադայի վեց պատգամավորներ, ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններից, գիտական, ակադեմիական հաստատությունների, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, ԶԼՄ–ների, հայ համայնքի, ազգային փոքրամասնությունների, ցեղասպանության, միջազգային եւ մարդու իրավունքների նշանավոր մասնագետներ եւ այլ բնագավառի ներկայացուցիչներ: Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով կլոր սեղանի մասնակիցներին' Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ելույթում նշեց ,որ այս օրերին ողջ հայ ժողովուրդը' Հայաստանում եւ սփյուռքում կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ Հայոց ցեղասպանության 98–րդ տարելիցի կապակցությամբ՝ միաժամանակ մեկ անգամ եւս բերելով իրենց խոնարհումը եւ հարգանքի տուրքը անմեղ զոհերի հիշատակին: Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի դարավոր պատմության ամենամռայլ էջն է, որի հետեւանքով մենք կորցրեցինք մեր պատմական հայրենիքը 1,5 միլիոն մարդկային կյանք եւ հարյուրամյակների ընթացքում ստեղծված մեր մշակույթի հոգեւոր եւ նյութական արժեքները, իսկ ցեղասպանությունից փրկվածները սփռվեցին ողջ աշխարհով: Այն հիրավի հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի այլեւ' ողջ մարդկության հանդեպ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին՝ նա նշեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծվել է կառավարական հանձնաժողով եւ Հայաստանը սփյուռքի հետ համատեղ շարունակելու է աշխատանքները այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով հասնել պատմական արդարությանը եւ դրանով նաեւ իրենց մասնակցությունը բերել աշխարհում հնարավոր նոր ցեղասպանությունների կանխմանը: ՀՀ դեսպանը իր խորը երախտագիտությունը հայտնեց Ուկրաինային եւ ուկրաինացիներին ցեղասպանությունից վերապրածների մի մասին Ուկրաինայում հյուրընկալելու համար, իրենց ակտիվ մասնակցությունն ու ներդրումն են բերել եւ շարունակում են բերել երկրի զարգացման եւ ամրապնդման գործում: Կլոր սեղանին ողջույնի խոսք ասեցին եւ մասնակիցներին բեղմնավոր աշխատանք մաղթեցին, Ուկրաինայի հայերի միության նախագահ ԳՌ–ի պատգամավոր Վ.Շատվորյանը, Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Գ.Բունիաթյանը, պատգամավորներ Ա. Գերմանը, Բ.Ֆելդմանը, Ի.Շվայկը, Վ. Կուլչակը: Նրանք բոլորը նշեցին, որ դա սարսափելի ոճրագործություն է, ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության հանդեպ եւ նրա միջազգային ճանաչումը եւ դատապարտումը նոր հնարավոր ցեղասպանությունների կանխման լավագույն միջոցներից մեկն է: Մասնավորապես, Աննա Գերմանը նշեց, որ կլոր սեղանին ԳՌ–ի պատգամավորների՝ նման պատկառելի կազմով մասնակցությունը վկայում է հայոց ցեղասպանության նկատմամբ պետության վերաբերմունքի եւ հայ համայնքի դերի բարձր գնահատման մասին: Կլոր սեղանին զեկուցումներով հանդես եկան Հոլոքոստի ինստիտուտի տնօրեն Ա.Պոդոլսկին, ազգային փոքրամասնությունների պետական կոմիտեի նախկին նախագահ Յու. Ռեշետնիկովը եւ պատմության ինստիտուտի Սեւծովյան քաղաքակրթության սեկտորի ղեկավար Օ.Գալենկոն:
Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կանադայում
Ապրիլի 21-ին մեկնարկեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունները Կանադայում: Միջոցառումներ տեղի ունեցան Մոնրեալ, Վանքուվեր, Քեմբրիջ, Համիլթոն, Սենտ Կետրինս քաղաքներում: Հայկական երեք ավանդական կուսակցությունների համատեղ ջանքերով Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված մեծ միջոցառում տեղի ունեցավ Տորոնտո քաղաքի Հայ Կենտրոնում: Միջոցառման 600 մասնակիցների թվում էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Կանադայի դաշնային, նահանգային եւ մունիցիպալ մարմիններից, այդ թվում' Կանադայի բազմամշակութայնության հարցերով խորհրդարանական քարտուղար Չանգսենգ Լեունգը: Վերջինս ընթերցեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված Կանադայի վարչապետի ուղերձը: Միջոցառման ընթացքում ընթերցվեց նաեւ Մեծ Եղեռնի տարելիցի վերաբերյալ Օնտարիո նահանգի վարչապետի ուղերձը: Ոգեկոչման արարողության հիմնական բանախոս, Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն իր ուղերձում, մասնավորապես, նշեց, որ երիտթուրքական կառավարության կողմից հայ ազգի կոտորածի քաղաքականությունը առաջին ցեղասպանությունն էր ժամանակակից պատմության մեջ, որի անպատժելիությունը ճանապարհ հարթեց հետագա նմանատիպ հանցագործությունների համար, ինչպիսին էին Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի եւ Դարֆուրի ողբերգությունները: Դեսպանը շեշտեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորությունը' ապագայում մարդկության դեմ հանցանքները բացառելու նպատակով: Միջոցառումն ավարտվեց Տորոնտոյում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկների զետեղմամբ: