Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 30-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Չեխ պատագամավորները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ նրանք ծաղիկներ են խոնարհել ու լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները: «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում Մարեկ Բենդան գրել է. «Մարդկության չարությունը՝ մարդկության դիմաց: Երբեք չպետք է մոռանալ Հայոց ցեղասպանության զոհերին»: