Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևի համահեղինակ, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կկազմակերպի Կոնգրեսում: Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, մարտի 3-ին կայանալիք միջոցառմանը ամերիկացի օրենսդիրներին կներկայացվի ցեղասպանության զոհերին ցուցաբերված ամերիկյան օգնության տրամադրման պատմությունը: Կոնգրեսականը հույս ունի միջոցառմանը ցուցադրել Հայոց ցեղասպանության որբերի ստեղծած գորգը: «ԱՄՆ-ի ներդրումը 20-րդ դարի առաջին ցեղասպանության հայ փրկվածներին ցուցաբերած օգնության գործում պատմելու և հիշելու արժանի պատմություն է: Կարևոր է նաև այդ մասին հիշեցնել (ԱՄՆ-խմբ.) քաղաքականությունը մշակողներին: Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել մոտ 100 տարի առաջ, այնքան աղետալի նշանակություն ունի, որ բոլոր ազգերը պարտավոր են իրենց քաղաքացիներին կրթել կատարվածը ներկայացնելով»,- նշել է կոնգրեսականը:
Հայոց ցեղասպանության որբերի գորգը գործել են Մերձավոր Արևելքի հայ որբերը, 1920-ականներին, և այն պաշտոնապես ներկայացրել Սպիտակ տանը 1925-ին' որպես Միացյալ Նահանգների ցուցաբերած օգնության երախտիքի նշան նվիրելով Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին:
Այն պետք է ցուցադրվեր նաև դեկտեմբերի 16-ին, Սմիթսոնյան ինստիուտում, դոկտոր Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» աշխատության շնորհանդեսի ժամանակ: Սակայն Սպիտակ Տունը որոշել էր չտրամադրել գորգը: