Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հովսեփ Խուրշուդյանի մամլո ասուլիսը: Խուրշուդյանը նախ և առաջ տեղեկացրեց, որ պատրաստ է Ժառանգության համամասնական ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար, այդ ցուցակը կհրապարակվի վաղը' հանրահավաքին: Խուրշուդյանը իր խոսքում անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի և շարժման մասին Սերժ Սարգսյանի և Հանրապետական գործիչների գնահատականներին ու հայտարարություններին. «Տարօրինակ, երբեմն էլ, մեղմ ասած, զավեշտալի գնահատականներ տրվեցին, որոնք առավելապես վերաբերում են հենց իշխանություններին: Սերժ Սարգսյանը օգտագործեց հեղաշրջում եզրույթը, որը, սակայն, համարժեք է հենց գործող իշխանություններին, քանի որ փետրվարի 18-ին հենց իրենք փորձեցին զավթել իշխանությունը' կեղծելով ժողովրդի հաղթանակը: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը նման պետական այրերով չի կարող դիմակայել երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին»:

Հովսեփ Խուրշուդյանը առնվազն տարօրինակ համարեց այն փաստը, որ Սերժ Սարգսյանը արտագաղթի պատճառներում մեղադրում է ԶԼՄ-ներին: Բանախոսը նշեց, որ փաստորեն, ըստ Սերժ Սարգսյանի' առկա բացասական երևույթների պատճառը դրանց լուսաբանումն է. «Դա ինձ հիշեցնում է 2008 թվականը, երբ վարչապետը ասում էր, որ պետք չէ լուսաբանել համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որպեսզի այն անցնի մեր կողքով»:

Պատասխանելով Սերժ Սարգսյանի սահմանադրական բարեփոխումների առաջարկի մասին լրագրողների հարցերին' Խուրշուդյանը նշեց, որ երկրում առկա է համապետական ճգնաժամ, որը չի կարող իր լուծումը ստանալ երկու տարի հետո սահմանադրական ինչ-որ բարեփոխումներով: Սահմանադրական այդ բարեփոխումները պետք է լինեն ընդամենը ճգնաժամից դուրս գալու գործընթացի մի մասը: