Այս նախագահական ընտրությունները կուղեկցվեն ընտրակաշառքներո՞վ, թե՞ առանց դրանց: ԳԱԼԱ-ի այս հարցին պատասխանել է Ժառանգություն կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նրա համոզմամբ՝ ընտրակաշառքների մեխանիզմի կիրառման հետ կապված դժվար է կանխատեսումներ անել, որովհետև դա կախված է այն բանից, թե ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը ինչ կորոշեն:
«Եթե նրանք կկրկնեն այն, ինչ եղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կնշանակի, որ կիրառել են այդ մեխանիզմը, իսկ եթե որոշել են չկիրառել ընտրակաշառքը, ուրեմն պետք է ոչ միայն կանխել այդ երևույթը, այլ նաև գործող նախագահը պետք է հրահանգի իրավապահ մարմիններին կանխել նման երևույթները ու պատժել այն մարդկանց, ովքեր կփորձեն նախաձեռնել ընտրակաշառքների բաժանումը»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:
Ինչ վերաբերում է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ շարքերում աշխատող մարդիկ պետք է հետ վարժվեն ընտրողներին կաշառելուց, այլապես նրանք կլքեն ՀՀԿ-ի շարքերը, Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ թեև շատ ողջունելի է նման բաներ լսել ՀՀԿ անդամներից, այնուամենայնիվ հասարակությունն ու ընդդիմությունը նաև հետ են վարժվել ՀՀԿ-ի որևէ խոստմանը հավատալուց:
«Նման խոստումներ հնչել են նաև խորհրդարանական ընտրություններից առաջ, բայց մենք տեսանք, թե ինչ կատարվեց: Եթե մենք տեսնենք պատժվող ընտրակաշառք բաժանողների, ուրեմն բոլորի համար հստակ կլինի, որ ընտրակաշառքը արգելվել է»,- ասաց Ժառանգության մամուլի խոսնակը:
Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի այն համոզմանը, որ ընտրակաշառքը դժվար ապացուցելի խախտում է, Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ սովորական քաղաքացու համար գուցե ընտրակաշառքը դժվար ապացուցելի խախտում է: Այն կարող է դժվար ապացուցելի լինել նաև հասարակական կազմակերպությունների ու միջազգային դիտորդների համար, սակայն եթե դրանով զբաղվեն իրավապահ մարմինները, որոնք տիրապետում են ընտրակաշառքները բացահայտելու բոլոր գործիքներին, ուրեմն այդ երևույթի մեջ ոչ մի դժվար բան չկա:
«Հակառակ դեպքում պարոն Սահակյանը պետք է ընդունի, որ մեր իրավապահ մարմինները ուղղակի անմեղսունակ են: Իհարկե, ես այդպես չեմ կարծում, ուղղակի իրավապահ մարմիններին քաղաքական պատվեր պետք է տրվի, որ նրանք կանխեն ու բացահայտեն ընտրակեղծիքները»,- եզրափակեց Հովսեփ Խուրշուդյանը: