«Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանն ազատ է արձակվելԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Դավիթ Ղազարյանի փաստաբանական թիմի անդամ Կարեն Սարդարյանն ասաց, որ իրենց պաշտպանյալին դեռ չեն հանդիպել, քանի որ բնական է՝ ազատ արձակվելուց հետո առաջին հերթին գնացել է իր ընտանիքին տեսնելու: 

«Ինչպես նախկինում, հիմա ևս Դավիթ Ղազարյանն ասում է, որ պատրաստ է վճարել բոլոր հարկերը, միայն թե մենք ևս պետք է մասնակցենք հարկային ստուգումներին, փորձաքննություններին, քանի որ հարկատուի մասնակցությունն օրենքի պահանջ է: Երբ հարկատուն համոզվի, որ գումարը համապատասխանում է իրականությանը՝ կվճարի: Այսինքն՝ պարոն Ղազարյանը մշտապես ասել է, որ չի խուսափում վճարումներից, քանի որ գուցե եղել են հարկային խախտումներ, որոնք չեն բացառվում բիզնեսի պարագայում: Պարզապես պետք է հասկանալ՝ ստուգման արդյունքում ինչ մեխանիզմով է ձևավորվում գումարի թիվը»,- ասաց փաստաբանը:

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամի մաքսատուրք և հարկ, սակայն փաստորեն ընկերության տնօրենն ազատ է արձակվել ընդամենը 1 միլիարդ դրամ վճարելով՝ փաստաբանն ասաց. «1 միլիարդ դրամը կանխավճար է, որպեսզի ցույց տանք, որ կազմակերպությունը չի խուսափում վճարումից, իսկ գումարի մյուս մասը վճարելը կախված է հարկային ստուգումների արդյունքում: Եթե համաձայնվենք գումարի թվի հետ՝ կվճարենք, եթե ոչ՝ կվիճարկենք»,- նշեց նա՝ ընդգծելով, որ հետագա անելիքները կախված են ստուգման արդյուքներից:

Կարեն Սարդարյանն այլ մանրամասներ հայտնելուց հրաժարվեց՝ նշելով, որ դրանց մասին կխոսեն առաջիկայում՝ մայիսի 6-ին տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ այսօր Պետական եկամուտների կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1.000.000.000 ՀՀ դրամ գումար, ուստի նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Դավիթ Ղազարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար։

Սոնա Հարությունյան