Մայիսի 21-ին, ժամը 23:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, ավտոմեքենայի հարվածի ձայն և օգնության կանչեր են լսվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Վ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել Հրազդան գետը և գլխիվայր շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա.Վ.-ն և ուղևոր Լ.Ֆ.-ն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել ավտոմեքենայի վրա։
Փրկարարները գետում գտնվող ավտոմեքենայի վրայից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող Ա.Վ.-ին և Լ.Ֆ.-ին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:
«Արմենիա» ՀԲԿ-ից տեղեկություն է հաղորդվել, որ Ա.Վ.-ն հոպիտալացվել է մահացած, իսկ Լ.Ֆ.-ն հրաժարվել է բուժօգնությունից:
Ժամը 01:14-ին տեղեկություն է հաղորդվել, որ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան: