Երեկ հաղորդագրություն էր տարածվել, որ այսօր՝ մայիսի 23-ին, Արարատ հյուրանոցի Արցախ մամուլի ակումբում տեղի կունենա «Դոն Պիպո» մականունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի մամուլի ասուլիսը։ Սակայն այսօր պարզվեց, որ վերջինս մամուլի ասուլիս չի տալու, պարզապես «Արթուր Ասատրյան» հիմնադրամը «Միսս Արմենիա-2019»-ի հովանավորն է, և մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը հրավիրել է նրան զուտ շնորհակալություն հայտնելու համար։
«Հիմա ես եկել եմ Գոհարիկին տենալու ու երեխեքին լավ բան անելու, դուք սարքեցիք մամուլի ասուլիս»,–դեմքից հոսող քրտինքը մաքրելով հայտարարեց Ասատրյանը։
Ապա լրագրողների՝ ոչ գեղեցկության մրցույթին վերաբերող հարցերից անակնկալի եկած Արթուր Ասատրյանն ասաց, որ ինքն ամենևին տեղյակ չէր, որ այսքան մարդ է լինելու, և ինքը ասուլիս է տալու։ Մեր պնդումներին, թե տարածված հաղորդագրությունում հենց այդպես էր նշված, Ասատրյանը չկարողացավ հակադարձել․ «Ես տեղյակ չեմ եղել մամուլի ասուլիսի համար, առաջին անգամ եմ ձեզանից լսում, որ մամուլի ասուլիս եմ հրավիրել։ Չեմ ուզում ձեր հարցերից փախնել, հետո ես ձեր հարցերին պատրաստ եմ պատասխանել 3 օր, երբ իմ բարեգործական օֆիսը պատրաստ լինի, բոլորիդ հայտնի կլինի հասցեն ու հեռախոսահամարը։ Հիմա ավելի լավ ա՝ եթե մասնագիտական հարցեր կա, տաք, վերջացնենք։ Անձեռոցիկ կտա՞ք, ջուր եմ եղել, կյանքիս մեջ առաջին անգամ եմ էսքան․․․»,- ասաց նա՝ լրագրողներին մեղադրելով ժուռնալիստական ողջ թիմն իր դեմ օգտագործելու մեջ։
Թեև միջոցառման կազմակերպիչներն ամեն կերպ փորձում էին շեղել և մրցույթին վերաբերող հարցեր բարձրացնել, բայց լրագրողներն անդրդվելի էին և փորձում էին ստանալ այն, ինչի համար ի սկզբանե հրավիրված էին, ուստի հարցեր ուղղվեցին Արթուր Ասատրյանին առնչվող քրգործի, Մանվել Գրիգորյանի հետ ունեցած հարաբերությունների և այլնի մասին։ Արթուր Ասատրյանին՝ հարցերից խուսափել՝ այնուամենայնիվ, չհաջողվեց և որոշ հարցերի պատասխաններ տրվեցին։
Ստեղծված իրավիճակից «ջուր եղած» Արթուր Ասատրյանն ամեն կերպ փորձում էր շտկել իրադրությունը, բայց կազմակերպված PR-ն ու «մամուլի ասուլիսն» արդեն տապալված էին։
«Ես 25 տարի էս երկրում չեմ ապրել, այդքան տարվա մեջ 80 օր եմ էս երկրում եղել, հիմա ա, որ 11 ամիս ա՝ էստեղ եմ, տարվա վերջում կտենանք՝ ինչ եմ արել»,- ասաց նա։