Հայաստանում անտառապատ տարածքները ավելացնելու ամբիցիոզ պարտավորություն ենք ստանձնել, որպեսզի ավելի մեծ դրամնաշնորհներ եւ արտոնյալ վարկեր ստանանք։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բնապահպանության արդեն նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը, որը օրերս հրաժարականի դիմում էր ներկայացրել։
«Անտառապատ տարածքների ավելացման մասով 2015 թվականին ՀՀ–ն վավերացրել է Փարիզի համաձայնագիրը Կլիմայի փոփոխությունների շրջականում՝ ՀՀ–ի անտառածածկը 265 հազ հա ավելացնելու մասին։ Այս պլանը մինչեւ 2050 թվականն է, իսկ 2030–ին երկրները պետք է ներկայացնեն, թե վերցված պարտավորությունից որ մասն են կատարել»,–նշեց նա։
Այսեր Ղազարյանի կարծիքով՝ Հայաստանը ամբիցիոզ պարտավորություն է ստանձնել, այդպիսով հույս ունենալով, որ կարող է ֆոնդերից ավելի մեծ գումարներ ստանալ. «Այն երկիրը, որը մեծ պարտավորոթյուն է ստանձնում, կարող է մեծ դրամնաշնորհներ եւ արտոնյալ վարկեր ակնկալել։ Սակայն այդ պարտավորության 4 անգամ պակաս լինելու դեպքում էլ մենք չենք այն կարող իրականացնել, քանի որ չունենք այդքան տարածք»։
Նրա խոսքով՝ այս պարտավորությունը սուբյեկտիվ հետաքրքրության արդյունք է. «Սակայն կառավարությունը չանսալով այդ թիվը կրճատելու հորդորներին՝ 2018 թվականի դեկտեմբերին վերահաստատել է իր պարտավորությունը ՀՀ–ի անտառածածկը 265 հազ հա ավելացնելու մասին, իսկ պարտավորությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել միջազգային մակարդակով։ Մեր հարեւաններն, ունենալով մեծ տարածքներ եւ ֆինանսական միջոցներ, ավելի քիչ պարտավորություն են ստանձնել, իսկ մենք սահմնափակ հողային ռեսուրսներով ընկնում են այդ պարտավորության տակ, քանի որ կա սուբյեկտիվ հետաքրքրություն փող գեներացնելու»։
Այսեր Ղազարյանը պնդեց՝ գործադիրում կան մարդիկ, որոնք նախկին իներցիայով են գործում. «Ինձ համար ամենամեծ հակահեղափոխությունը իներցիաների շարունակությունն է։ Մարդիկ, որոնք վստահություն ունենան, որ խնդիր չի առաջանա իրենց համար, շատ լուրջ խնդիրներ են առաջ գալու։ Կա մարդկանց մի խումբ, որոնք թքած ունեն զարգացման վրա, եւ ոչ մի բանի առաջ չեն կանգնի իրենց սուբյեկտիվ շահի սպասարկման համար։ Նրանք աշխատել են Լեւոն Տեր–Պետրոսյանի ժամանակ, ադապտացվել են Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, հիմա էլ փորձում են ադապտացվել նոր իշխանություններին»։
Նախկին փոխնախարարը, սակայն, անուններ չի տալիս, եւ հրաժարվում է անձնավորված խոսել։