Ապարան քաղաքի մշակույթի կենտրոնի  և համայնքապետարանի տարածքներում համապատասխանաբար կկառուցվեն 20 կՎտ և 10 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էներգետիկ համակարգեր, որոնց շահագործումը կնպաստի համայնքի էներգետիկ ծախսերի կրճատմանը: Ինչպես հայտնեցին Էներգախնայողության աջակցման հիմնադրամից, այդ ծրագրի իրականացման համար հայտարարաված մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել արևային էներգետիկայի հայկական շուկայի յոթ ընկերությունները: Մրցութային գործընթացի  ավարտից հետո կսկսվի շինարարությունը և ամենայն հավանականությամբ սեպտեմբերին կայանները կհանձնվեն շահագործման:

 

Այս նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի (EU4ASEP) ծրագրի շրջանակներում և  իրականացվում Էներգախնայողության աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ :

Ապարան համայնքը պատահական չի ընտրվել: Համայնքն ունի բավական «հավակնոտ» ծրագրեր՝ արևային էներգիան լայնորեն օգտագործելու նպատակով և  որդեգրել է կայուն էներգետիկայի գործողությունների ծրագիր, որին աջակցելու նպատակով էլ ԵՄ կողմից հատկացվել է դրամաշնորհը։ Բացի այդ, Ապարանն ունի բավարար արևային ռեսուրս. այստեղ արևային օրերի թիվը շուրջ 290 է, ինչը կարևոր երաշխիք է արդյունավետության համար: Ապարան համայնքում  կառուցվելիք համայնքահեն, ինքնավար արևային էներգիայի արտադրության համակարգը կաշխատի Հայաստանի էլեկտրացանցի հետ զուգահեռ ռեժիմում և կապահովի  էլեկտրաէներգիայի էական խնայողություն՝ համայնքի համար:

«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի մյուս կարևոր բաղադրիչը Արթիկ քաղաքում վերականգնվող էներգետիկայի խթանման նախագիծն  է։

Արթիկում՝  նախատեսվում է կառուցել համակարգային արևային ֆոտովոլտային կայան՝ արտադրված էլեկտրաէներգիան Էլեկտրացանցին վաճառելու նպատակով։ Արթիկի արևային կայանի կառուցման համար կփորձարկվի «հանրային-մասնավոր» գործակցության մոտեցումը: Կայանը լինելու` 600 կՎտ-ից մինչև 1 մեգավատ հզորությամբ։ Առաջիկայում այս ծրագրի իրականացման համար ևս կհայտարավի մրցույթ։

 

Ապարան և Արթիկ քաղաքներում վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրի  իրականացման արդյունքում կստեղծվի ֆինանսավորման հատուկ մեխանիզմ. կձևավորվի Քաղաքապետների դաշնագրի նպատակներին ծառայող ԿՈՄՈ հիմնադրամ /COMO ֆոնդ/, որտեղ կկուտակվեն ստացված խնայողություններն ու հետագա եկամուտները։ Ֆոնդը՝ շրջանառու մեխանիզմով կֆինանսավորի համայնքի էներգախնայողության և վերականգնվող էներգիայի այլ միջոցառումներ։ Այսինքն քաղաքային իշխանությունները եկամտի նոր աղբյուր կունենան` արևը։