Այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Կարենիս գյուղի վարչական տարածքում գտնվող Գյումուշ ՀԷԿ-ի ջրամբարում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Հայկ Ասատրյանի գլխավորությամբ:
Քանի որ անհրաժեշտ է եղեկ հատուկ փրկարարների օգնությունը, ժամանել են ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդակյանն ու նշված կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի գլխավորությամբ:
Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով իջել են ջրամբար և արհեստական նավակով մոտեցել դիակին ու այն դուրս բերել:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիով խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դատաբժիշկը տեղում զննելով դին, ոստիկաններին և քննիչներին հայտնեց, որ դիակի վրա, ըստ նախնական տեղեկությունների, բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ, 51-ամյա Ավետիս Յանբեկյանն էր, ով երեկվանից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին. «Մահացածը Չարենցավաում հարգված ու սիրված անձնավորություն էր, մասնագիտությամբ երաժիշտ ու անգամ իր տարիքին հարգանքով էր վերաբերվում թե՛ իրենից ավագների, թե՛ երիտասարդների նկատմամբ:
Մեծ ցավ ու ափսոսանք ենք ապրում, որ այսպիսի անհեթեթ մահ ունեցավ նա»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի