Երևանի հասարակական տրանսպորտի 46 համարի երթուղայինի վարորդը, ով չէր ենթարկվել ծխախոտը հանգցնելու կոչերին ու վիճել ուղևորի հետ, չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից:
«Հունիսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երթուղային տաքսու ուղևորը ծխելու համար վիճում է վարորդի հետ: Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ինչի արդյունքում հունիսի 11-ին նշված երթուղային տաքսին հայտնաբերվել է: Պարզվել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական:AՏրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: